«Հայ ռազմագերիները քո լռության պատանդն են, Փաշինյան»
«Հայ ռազմագերիները քո լռության պատանդն են, Փաշինյան»․ Բողոքի ակցիա՝ Երևանում
«Եթե դուք զգայիք, թե ինչ էր զգում Ռուբեն Վարդանյանը, հարց չէիք տա, թե նա ինչո՞ւ էր Արցախ գնացել։ Իսկ դուք վախկոտի նման ծվարել էիք այստեղ՝ մոռացության մատնելով Արցախի ժողովրդին»,- խոսքն ուղղելով ՀՀ Կառավարությանը՝ ակցիայի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Նիկոլ Փաշինյան, ՔՊ, վերնախավ կոչվածներ, ձեր լռությամբ դուք հանցակից եք։ Իմանալով, որ Ռուբեն Վարդանյանին որևէ մեկը չի ուղարկել, որ նա ուղղակի այստեղ հանգիստ չէր կարող մնալ, քանի որ գիտեր՝ ինչ է կատարվում Արցախում, բայց խոսում եք նրա՝ ինչ-որ մեկի կողմից ուղարկված լինելու մասին։ Այսօր Ռուբեն Վարդանյանն այնտեղ իր տեքստերով պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունը, որ վաղը Ադրբեջանը ձեզնից փողեր չհավաքի, տանի՝ Արցախը դարձնի ադրբեջանական»,- ասաց Թանդիլյանը՝ պահանջելով ամեն օր մի քայլ կատարել հայ գերիներին վերադարձնելու նպատակով։ «Ամոթ չունե՞ք, թուրքը թքում է ձեր ճակատին, ասում եք՝ անձրև է գալիս»,- ասաց նա՝ նշելով, որ հայ մարդը չի կարող թույլ տալ, որ իրեն ստորացնեն։ «Ռուբեն Վարդանյանին ցմահ են դատելու, արդյո՞ք մենք դա մարսելու ենք։ Այդ դեպքում ինչի՞ համար պայքարենք․․․ եկեք 150 դրամի, հայտարարագրերի դեմ պայքարենք։ Չեմ ասում, որ չպայքարենք, բայց առաջնայինը երկրորդականից տարբերեք»,- նշեց Թանդիլյանը՝ կոչ անելով չլռել, ամեն օր բարձրաձայնել և խոսել գերիների վերադարձի մասին։
***
«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը վերաբերվում է մտահոգությանը։ Մտահոգվելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, սակայն ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգվի, այլ գործողություններ իրականացնի»,- ԱԳՆ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․ «Առաջարկում ենք ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին հրավիրել ԱԳՆ և ՀՀ-ի կողմից հստակ պահանջ ներկայացնել, որ Բաքվի բանտում գտնվող մեր գերիները պետք է օր առաջ ազատ արձակվեն։ ՀՀ-ն պարտավոր է այդ պահանջը ներկայացնել»,- նշեց Առաքելյանը։
Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատության պահանջով ակցիային է միացել նաև հաղորդավար Եգոր Գլումովը։ Նրա կարծիքով՝ ակցիային ավելի շատ մարդ պետք է մասնակցեր․ «Ցավում եմ, որ այստեղ այսքան քիչ մարդ կա։ Միայն նրանք, ում Ռուբեն Վարդանյանը լավություն է արել, եթե այստեղ լինեին, տեղ ու դադար չէր լինի։ Մենք սրտացավ ազգ չենք»,- ասել է նա:
***
«ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ պահանջատիրությունը շատ ցածր մակարդակի վրա էր, եթե չասեմ՝ չկար։ Սա կես գործողություն էր, ավելի ակտիվ էր պետք լինել։ Նոր հիշեցի՞ն»,- ԱԳՆ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «ԱԳՆ-ից էլ, այս կառավարիչներից էլ զրո ակնկալիք ունեմ։ Ալիևի ու Էրդողանի պահանջները կատարելու ընթացքում գուցե մի պահանջ էլ իրե՞նք ներկայացնեն, գոնե ՀՀ անձնագիր կրող անձանց տեր կանգնեն։ Հայը տեր ունի՞, թե՞ ոչ»,- ասաց Մամիջանյանը՝ նշելով, որ չի հասկանում նրանց, ովքեր անտարբեր են մնում Բաքվում խոշտանգվող հայերի ճակատագրի նկատմամբ։
***
«Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպանի հայտարարությունը Արարատ Միրզոյանը քանի՞ դիվանագետի է ուղարկել։ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները տեղյա՞կ են, որ այնտեղ Ռուբեն Վարդանյանին խոշտանգում են, հայ գերիների դատավարության մասին ԱԳՆ խողովակներով նրանց ինչ-որ բան ուղարկվե՞լ է»,- ՀՀ ԱԳՆ-ի դիմաց գերիների ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Ընդդիմությունն անում է, բայց այդ գործիքակազմը պետության ձեռքում է։ Իսկ բանակցությունները շանտաժով ընթացող գործընթաց է»,- ասաց Վարդանյանը:
***
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես Ռուբեն Վարդանյանին անձամբ չեմ ճանաչում, չգիտեմ՝ իր որոշումները ինչպիսին են, ֆինանսական հնարավորություննրեը ինչպես են ծախսվել։
Պատմությունը մեզ անընդհատ սովորեցնում է մի բան, որ ով ուզում ես եղիր, թշնամիների հետ հարաբերություններում քեզ ոչինչ չի փրկելու, մանավանդ փողը։ Կամ հայերով իրար հետ ենք, կամ՝ առանձին–առանձին փրկություն չկա։
Հենց էս պահին էլ կան հայեր, ովքեր փող ունեն, և կան խմբեր, ովքեր ընդհանուր պայքարի համար փող են ման գալիս, բայց չեն գտնում։
Կամ էս հարցը լուծում ենք, կամ՝ Ռուբեն Վարդանյանի նկարներում կարող եք տեսնել ինքներդ ձեզ»:
«Եթե իշխանությունը պնդում է, որ բանակցությունների կամ տարբեր հանդիպումների ժամանակ բարձրացնում է գերիների վերադարձի հարցը, այդ դեպքում որտե՞ղ են պաշտոնական հաղորդագրությունների մեջ այդ մասին հիշատակումները»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ կապված հայ գերիների հետ, համարում է ագրեսիվ. «Իր ագրեսիվ վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանի նկատամբ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցրել, ընդ որում, ոչ միայն Ռուբեն Վարդանյանի. և՛ նախկին նախագահների մասին էր նույն կերպ ագրեսիվ արտահայտվել, և՛ մեր գործընկեր Գեղամ Մանուկյանի եղբայր Դավիթ Մանուկյանի վերաբերյալ՝ ասելով, որ «հլը էդ գեներալներին պետք է բերեմ և այստեղ դատեմ»»: Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նմանատիվ վարքագծով ակնհայտ ցույց է տալիս, որ ինքը ավելի շատ ագրեսիա ունի գերիների նկատմամբ, քան Իլհամ Ալիևը, որը այդքան ագրեսիվ ելույթներով հանդես չի եկել»: