▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին

***

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից շարունակվում են երկու տարեկան կորած երեխայի որոնողական աշխատանքները։

Ներկայումս որոնողական աշխատանքներում ներգրավված են մեծ թվով ուժեր՝ ոստիկաններ, փրկարարներ, ջրասուզակներ, ինչպես նաև կիրառվում են դրոններ (անօդաչու թռչող սարքեր)։

Մարդիկ ակտիվորեն միանում են որոնումներին նաև կամավոր կերպով։ Տարբեր քաղաքներից և գյուղերից շատերը գալիս են Մարմարիկ՝ իրենց աջակցությունն ու մասնակցությունը ցուցաբերելու որոնողական աշխատանքներին։

Oragir.News-ը զրուցել է երեխայի ծնողների, հարազատների և համագյուղացիների հետ՝ փորձելով պարզել, թե որ փուլում են այժմ որոնումները, և ինչ վարկածներ են շրջանառվում երեխայի գտնվելու հնարավոր վայրերի վերաբերյալ։

«Գործ անելուց եմ եղել բակում, առաջացել եմ դեպի տուն, կինս հարցրել ա՝ երեխան ուր ա, ասել եմ՝ տուն ա եկել։ Հավանականությունը մեծ ա, որ գողացած կլինեն, ման են գալիս, երեխուց ոչ մի բան չկա, թշնամի չունեմ, մարդ էլ չկա, որ կասկածեմ»,- ասել է երեխայի հայրը։

«Ընտանիքը արտակարգ ընտանիք է։ Իմ հարևաներն են, իրանց թոռնիկը էդ իմ թոռնիկն էլ է, տենց կարելի է ասել։ Մենք բակում էինք, երբ ծնողները վազելով եկան, հարցրին՝ կարող ա՞ Տիկոյին տեսել եք։ Երեխան այդքան չեր կարող գնալ, քանի որ երկու տարեկան էլ դեռ չկա՝ հազիվ տոտիկ էր անում»,- մեզ հետ զրույցում ասել է հարևաններից մեկը։

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը վերաբերում է մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին