Հայաստանը թուրք-ադրբեջանական նահանգի վերածվելու նախաշեմին է։ Վերջին տարիների «սողացող» գործընթացները բերել են նրան, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն գրեթե գոյություն չունի՝ որպես ինքնիշխան սուբյեկտ։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստանի ներկա մարտահրավերների մասին։
«Այն, ինչ հորջորջվում է միջազգային ամբիոններից, ոչ թե Հայաստանի ինքնիշխան Հանրապետության ներկայացուցչի խոսքն է, այլ արդեն օբյեկտ հանդիսացող հայաստանյան նահանգի ինչ-որ ղեկավարի խոսք։ Դրա համար, այդ փոփոխությունը, որ մենք ապրել ենք վերջին տարիների, ամիսների և ամեն անցնող օրվա հետ, իսկապես բերում է նրան, որ մենք ապրում ենք գոյութենական ինքնության, ինքնիշխանության և պետականության տագնապի մեջ»,- կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումներն այնպիսին են, որ շատ բան արդեն Հայաստանի շուրջ է ընթանում՝ պատերազմ, ռազմական գործողություններ, աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Նա ամենամեծ սպառնալիքներից մեկը համարում է «սողացող պանթյուրքիզմը», որին պատրաստ չենք ազգովի և պետականորեն։
«Կարծում եմ, որ առաջին հերթին կա հայ մարդու, ՀՀ քաղաքացու գոյութենական հիմնախնդիրը, կա մեր պետականության գոյության հարցը։ Ժամանակին «գուբերնիա, գուբերնիա» էինք ասում, հիմա, իսկապես, վիլայեթ չասեմ, բայց թուրք-ադրբեջանական նահանգի վերածվելու նախաշեմին ենք»,- հավելում է Հովհաննիսյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում:


