«Ժողովուրդ»-ը գրում է. «Իրավապահ համակարգում ՀՀ գլխավոր դատախազության գործելաոճը ծիծաղ է առաջացրել։ ՔՊ-ի ջարդարարների վարքը՝ ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու հրապարակային փաստը, ՀՀ դատախազությունը այստեղից այնտեղ է ուղարկում, մինչդեռ իրավապահները ներքին խոսակցության ժամանակ ասել են, որ գլխավոր դատախազը ամեն ինչ տեսել է իր աչքով, այդ փաստերի էլ ինչերը պետք է ստուգվեն։
Հիշեցնենք, որ պաշտոնական գրություն էինք ուղարկել գլխավոր դատախազին՝ հաղորդում հանցանքի մասին, և Երևանի դատախազի տեղակալ Ա. Վարդանյանից պատասխան էինք ստացել: Մասնավորապես, գրության մեջ նշվում էր, որ հուլիսին 9-ին օրաթերթի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հանցանքի մասին հաղորդումը, Երևան քաղաքի դատախազությանը վերահասցեագրված դիմումը այս անգամ էլ ուղարկվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հ. Մանանդյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։
Իսկ վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ. Մանասյանն էլ գրություն է ուղարկել ՆԳՆ ոստիկանության համայնքային Արաբկիրի բաժնի պետ Ռ. Ներսիսյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Ասել է թե՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազությունը և Արաբկիրի ոստիկանությունը ստուգում են ԱԺ դահլիճում ուղիղ եթերով ցուցադրված ՔՊ-ականների ծեծը։
Իրավապահների շրջանում այս գրությունը ծիծաղ է առաջացրել․ ի՞նչ ստուգողական գործողություն, երբ ամեն ինչ գլխավոր դատախազի աչքի առաջ է եղել, ու նա էլ կարևոր վկան է եղել ծեծի։
Ավելին՝ ամեն ինչ ակնհայտ է եղել․ կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցից օրաթերթը նաև հաղորդմանը կից ուղարկել է Դատախազություն։ Ստացվում է՝ Դատախազությունում ուզում են ցույց տալ, թե գործ են անում, մինչդեռ կատարված ակնհայտ հանցանքի վրա աչք են փակում։
Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին, երբ իշխանական պատգամավորներն իրենց գործիքը դարձրին բռունցքը, իսկ խոսքի իրավունքը՝ թշնամի, հարձակվեցին ընդդիմադիրների վրա, բռնություն գործադրեցին հենց նիստերի դահլիճում, հայհոյեցին ու ծեծեցին, այդ ֆոնին մի մարդ, որն ամբողջ երկրի անունից պատասխանատու էր արդարության համար, անշարժ կանգնած էր. նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, որը տեսավ ամեն ինչ, բայց լռեց։
Արդեն հուլիսի 9-ին պաշտոնապես հաղորդում էինք ներկայացրել նույն գլխավոր դատախազին՝ պահանջելով քննել հանցագործության փաստը։ Մեր ներկայացրած հաղորդման մեջ հստակ անուններով նշվել են իշխանական այն պատգամավորները, որոնք ներգրավված էին ֆիզիկական եւ բարոյական բռնության դրսեւորման գործողություններում»։