Երևանյան մի շարք մարզահամալիրների հանդերձարաններում երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության պայմանները պատշաճ կերպով ապահովված չեն։
Մի շարք մարզասրահներում առհասարակ չկան մանկական հանդերձարաններ։
Որոշ ծնողներ նույնիսկ փաստաբանների են դիմել` խնդրին իրավական լուծում տալու։
Հոգեբան Անահիտ Խաչատրյանը ԱրմենիաSputnik–ի հետ զրույցում ասել է, որ երեխաներին մերկ մարդկանց միջավայրում թողնել կարելի է մինչև 3 տարեկան։ 3-4 տարեկանից մինչև 16 տարեկան մեծահասակների հետ նույն հանդերձարանից օգտվելը կարող են ազդել նրա ինքնագնահատականի և հոգեբանական բարեկեցության վրա։
Պարզելու համար՝ ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, կայքը հարցումներ է ուղարկել մի շարք գերատեսչությունների, որոնք, կա՛մ միմյանց վրա են բարդում հարցի լուծումը, կա՛մ նշում՝ հարցն իրենց լիազորությունների շրջանակից դուրս է։
Նմանատիպ խնդրի մասին կայքի հետ զրույցում բարձրաձայնել է Gold’s gym մարզասրահի Կոմիտաս մասնաճյուղի հաճախորդ, 7-ամյա աղջկա մայր Նարինե Սարգսյանը (անունը փոխված է – խմբ.)։
«Մեզ մոտ մանկական հանդերձարան չկա, աղջկաս ստիպված ինձ հետ բերում եմ մեծերի հանդերձարան, որպեսզի զգեստափոխվի։ Արագ օգնում եմ, ու միջանցքում ինձ է սպասում։ Ընդհանուր այս մարզասրահից շատ գոհ եմ, չնայած այլ խոշոր ակումբերում էլ եմ հետաքրքրվել՝ պատկերը նույնն է։ Դա նորմալ չէ, մի երկու անգամ մեզ մոտ ասել եմ այդ մասին, բայց դեռ լուծում չի տրվել։ Նկատել եմ՝ ծնողներ կան, որոնց համար միևնույնն է՝ իրենց երեխան տարիքով մեծ, որոշ դեպքերում նաև մերկ տղամարդկանց կամ կանանց հետ կզգեստափոխվի, թե ոչ»,- ասել է Նարինեն։
Քաղաքացի Կարեն Մկրտչյանի (անունը փոխված է – խմբ․) 5–ամյա դուստրն էլ որոշ ժամանակ առաջ հաճախել է Reebok սպորտային ակումբ, որտեղ հատուկ ծառայություն կա՝ երեխաներին աշխատակիցներն ըստ սեռի օգնել են զգեստափոխվել։ Կարենի համար անթույլատրելի է՝ ինչու պետք է աղջիկներն ու տղաները նույն հանդերձարանում զգեստափոխվեն։ Նույնիսկ որոշ երեխաների մոտ այդ հանգամանքի պատճառով ճնշվածություն է նկատել, այդ թվում և իր դստեր։
«Դիմեցի փաստաբանի, որն ուսումնասիրեց սպորտային ակումբի հետ կնքված մեր պայմանագիրը, ու պարզվեց, որ նմանատիպ կետ կա` հանդերձարանը պետք է առանձնացված լինի։ Ես դիմեցի տնօրենությանը, որպեսզի հարցին լուծում տրվի։ Որոշ ժամանակ անց պատ կառուցեցին, ու աղջիկների և տղաների համար առանձին զգեստափոխվելու պայմաններ ստեղծեցին»,– նշել է 5-ամյա աղջնակի հայրը։
Որոշ մարզասրահներում նույնիսկ նախադեպեր են եղել, երբ տղա երեխաներին մայրիկները մտցրել են կանանց հանդերձարան ու սպասեցրել, մինչև իրենք զգեստափոխվեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում