Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լուբյանկայում կանաչ լույսը ստացավ երեւի, աշխարհից անտեղյակ ու բոլորի վրա թքած ունեցող եվրոչինովնիկների աջակցությունը ստացավ, պապա Իլհամը կար ու կա, Էրդողանը մեջքին կանգնած է, կոռումպացված ու կոմպրոմատների հետեւանքով դավաճանած 10 եպիսկոպոսների անունից՝ ԱԱԾ-ի, ոստիկանության ու ստեղից էնտեղից հավաքած բաշիբոզուկների հրոսակներով վաղը պիտի գրոհի Էջմիածինը։
ԱԱԾ կոչվող զինված բանդիտներ. դուք էս երկրում, բացի ակտիվիստ բռնելուց, ուրիշ գործառույթ չունե՞ք։
Կաթողիկոսին «հանգստի կոչելու» պահանջը սահմանադրական կամ հանրային հիմք ունի՞` ցույց տվեք։ Չունի՞` ձերբակալե′ք Նիկոլ Փաշինյանին»։
***
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որոշ ժամանակ առաջ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ դեկտեմբերի 18-ին միանալու իրենց համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին Հանգստի կոչելու պահանջով, որն այլևս, ըստ իշխանահաճ կրոնավարոների` դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։
Դեկտեմբերի 18-ը Հայ կաթողիկե եկեղեցու 2025 թվականի ծիսական օրացույցում նշվում է` որպես Սրբոցն Ադդե Հայրապետի և Աբգար թագավորի հիշատակության օր: Հատկանշական է, որ հայ Առաքելական եկեղեցին Ադդեի հիշատակը սկզբնապես տոնել է Աբգար թագավորի հետ՝ տոներն իրարից բաժանել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը՝ կաթողիկոս, ում մեղադրել են հայության ազատագրումը սուրբ Էջմիածնի շահերին ստորադասելու համար: Հայտնի է, որ այս կաթողիկոսը դժկամորեն էր վերաբերում Հովսեփ էմինի, Մադրասի խմբակի գործունեությանը Հայաստանի ազատագրության ծրագրերի հետ կապված: Կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին, ըստ որում, իրավամբ համարվում է ռուսական արքունիքի հետ Հայ Առաքելական եկեղեցու սերտ գործակցության հիմադիրը, քանի որ կարողացել էր համոզել
Եկատերինա 2-րդ կայսրուհուն հաստատել Էջմիածնի իրավասությունը ռուսահայերի նկատմամբ:
Եկեղեցու դեմ ներկա պայքարը գործող իշխանությունը Արևմուտքում ներկայացնում է իբրև ռուսական ազդեցության դեմ պայքարի գործընթաց, որի շղարշի ներքո երկրի ներսում սրանց հետապնդած իրական նպատակն է վերարտադրվել, պահպանել իշխանությունը»:
***
Քանդակագործ Արթուր Գևորգյանը գրել է․ «Հերթական անգամ Նիկոլն իր ոտքին քցելու տեղը ուրիշի գլխին է քցում։
Տիրադավ եպիսկոպոսները լուրջ խնդրի առաջ են կանգնելու վաղվա հավաքից հետո։
Շատ լուրջ:
Եթե վաղն առավոտվանից ուրիշ բան չկատարվի.....
Ժամը 5-ին, տիրադավ եպիսկոպոսներով, նոր տարվա տոներից առաջ։
(Ինչ որ բան էն չէ ու թերևս գրոհով վեհարան մտնելու տեղը իրենք են մտնելու):
Տիրադավներին ջրի երես հանողն օգուտ տվեց ու վնաս չտվեց եկեղեցուն։
Իսկ, որ ձախողելու են, արդեն էդ տպավորությունն ունեմ։
Վեհափառը ներսում գիտե իր դեմն ու կողմը և իր անելիքը։
Պարզապես ևս մեկ գերլարված օր է մեզ սպասվում վաղը երեկոյից»։
***
Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եպիսկոպոսներ կոչված մի քանի դավադիրներն, ըստ էության, ամբողջովին վերածվել են Նիկոլի անձնական օգտագորման պիտույքների: Նրանք, այլևս, սոսկ Գարեգին Երկրորդին կամ Եկեղեցուն չէ, որ դավաճանում են, նրանք դավաճանում են հայ ժողովրդին: Նրանք ստանձնել են իրականացնել ամենապախարակելի ու կեղտոտ գործը: Նրանց վարքը Նիկոլի գործողություններից տասնապատիկ անգամ ավելի ողորմելի է:
Թե՛ քաղհասարակական խմբերը, թե՛ ժողովրդի առողջ շերտերը, թե՛, առավել ևս, հոգևորականությունը միասնաբար պետք է կասեցնեն այս եղկելի գործընթացը:
Մայր Աթոռը ծնկի չպիտի գա դավաճանների առջև»:
***
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հեղափոխական ճանապարհով Հայոց Հայրապետին փոխելու կոչ անող եկեղեցականները ցավոք սրտի չեն գիտակցում, թե ինչ են անում։
Հեղափոխական ճանապարհով Հայոց Հայրապետին փոխել, կնշանակի ճանապարհ բացել Հայոց մեջ մի նոր բողոքականության ծնունդի, որտեղ երկրի այդ պահի քաղաքական առաջնորդը հանգիստ կարող է ինքն իրեն հռչակել Եկեղեցու գլուխ, ինչպես եղավ Անգլիայում և քանդել Հայոց դարավոր ավանդույթը, քրիստոնեական աշխարհում առաջնեկը լինելու մեր օրինավոր տեղը զիջելով...
Հեղափոխական ճանապարհով Հայոց Հայրապետին փոխել, նշանակում է ճանապարհ բացել Հայաստանի մեջ վխտացող աղանդավորական շարժումներին էլ ավելի բազմամարդ բողոքի ակցիաներ կազմակերպելով սեփական առաջնորդներին բազմեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական գահին։
Եթե Եկեղեցու նվիրապետության դեմ ապստամբած 10+ հոգևորական կարող է Ամենայն Հայոց կաթողիկոսին ստիպել հեռանալ, ապա ինչո՞ւ նույնը չեն կարող անել 100 հազարավոր աղանդավորականներ...
Մտածե′ք, թե ում եք ծառայում, մտածե′ք, թե ձեր ձեռքերով և ձեր բերաններով ով կամ ովքեր են գործում։
Այս արշավը հենց սկզբից էլ անհատի դեմ չէր և չէր էլ կարող լինել։ Այս արշավը մեր անդրանիկ Եկեղեցու բազմադարյա ավանդույթների դեմ է...
Աշխարհում բոլոր չարագործությունները գործվել են բարին գործելու անվան ներքո...
Եվային արգելված պտուղը չարը մատուցեց բարի նպատակի անվան տակ:
Ինչո՞ւ դարձաք պառակտման և բանսարկության գործիք...
Ես աջակցում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա օրինավոր գահակալին, դատապարտելով հեղափոխական ճանապարհով ցանկացած պարտադրանք Եկեղեցու կարգի և ավանդույթների դեմ»։