▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե չապացուցի` իրավացիորեն կարող եմ պնդել, որ նա նվազագույնը պրիմիտիվ «զրպարտիչ է եւ բանսարկու»». Ռոմանոս Պետրոսյան

Հերթական հերքման փոխարեն: Այս մասին գրել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

«Եթե Հովսեփ Խորշուդյանը չապացուցի, որ տվյալ ձերբակալված անձինք իմ «հովանավորյալներն են», ապա իրավացիորեն ես կարող եմ պնդել, որ նա նվազագույնը պրիվիտիվ «զրպարտիչ է եւ բանսարկու», ով կանխամտածված, հետեւողականորեն զրպարտում է ինձ եւ փորձում սեւացնել իմ բարի համբավը։

Ընդ որում, ինչպես նյութի բովանդակությունից կարող ենք տեսնել, նախաքննական մարմինը բացի Պտղնիի նախկին գյուղապետից եւ նրա որդուց, նույնիսկ չի հրապարակել մյուս երեք անձանց անունները, եւ հանրությանը՝ այդ թվում նաեւ ինձ, հայտնի չեն նրանց անունները, սակայն ՀԽ-ն արդեն որոշել է, որ նրանք բոլորն իմ «հովանավորյալներն» են։

Ըստ այդմ, առաջարկում եմ սույն գործչին՝ իր բարձրաձայնած հովանավորչության եւ մյուս փաստերով դիմել նախաքննության մարմնին։ Դա անհրաժեշտ է, որպեսզի այդ մտահոգությունները եւս դառնան այս գործով քննության առարկա եւ վստահաբար կհերքվեն, քանի որ բնականաբար չկա նման բան, եւ այդժամ ես արդեն կարող եմ հաջորդիվ նման հրապարակման պարագայում «սուտ մատնության» փաստով հաղորդում ներկայացնել դրա հեղինակի դեմ։

Իսկ իմ մասով իրականությունն այն է, որ Պտղնիի նախկին գյուղապետի գործունեության առնչությամբ ես դեռեւս Կոտայքի մարզպետի կարգավիճակում բազմաթիվ հաղորդումներ եմ ներկայացրել իրավապահներին՝ վերջինիս կողմից Պտղնիի վարչական տարածքում (նաեւ՝ Երեւան-Սեւան մայրուղու հարակից տարածքներում) հողաշինական, քաղաքաշինական եւ համայնքային հողերի աճուրդների ոլորտներում բազմաթիվ առերեւույթ իրավախախտումների փաստերի հիման վրա (փաստաթղթերն ու ապացույցներն առկա են):
Ենթադրում եմ՝ ձերբակալությանն առնչվող քրեական վարույթի նյութերում նաեւ այդ հաղորդումների փաստերն են քննության առարկա հանդիսանում։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու՞ է սույն «հանրային գործիչն» ինձ թիրախավորել եւ պարբերաբար նման կերպ մերկապարանոց եւ մտացածին մեղադրանքներ հնչեցնում, ապա կրկնեմ հերթական անգամ՝ ամեն ինչ առավել քան հստակ է. իր մտերիմ անձին՝ կենսաթոշակի անցնելու հիմքով, ազատել ենք ՊՎԾ-ից, ով օրենքով սահմանված կարգով՝ այդ մասին ծանուցումն ստանալու պահից սկսել է իմ եւ Ծառայության հասցեին զրպարտանքի ու բանսարկության մի արշավ։

Այս պահին նաեւ տվյալ անձի կողմից հնչեցրած մերկապարանոց պնդումների հերթական փաստերով Վարչական դատարանում դատական վարույթ է ընթանում՝ իմ հայցի հիման վրա։

Բոլոր այս եւ բազմաթիվ այլ «փաստերի» հետ կապված՝ Հ.Խուրշուդյանի հետ առիթ ենք ունեցել խոսելու եւ պարզաբանումներ տալու թե՛ առանձին, եւ թե՛ հանրային այս հարթակի միջոցով։ Ինչպես նաեւ խնդրո առարկա «Գնդասար» ՓՀԷԿ-ին վերաբերող նյութի կապակցությամբ դեռեւս մեկ տարի առաջ պաշտոնական հերքում եմ տարածել։

Սակայն սույն գործիչն իր հրապարակման տակ տեղադրել է բուն հոդվածը, որտեղ նաեւ ընդամենն «ըստ տարածված լուրերի»՝ իմ մասով են ենթադրություններ շարադրել, սակայն դրան վերաբերող՝ նույն լրատվականում հրապարակված իմ հերքումն իհարկե շրջանցել եւ հարկ չի համարել տեղադրելու՝ առնվազն տեղեկատվության տարածման առումով դույզն ինչ օբյեկտիվ գտնվելու համար։

Ահա այսպիսի հանրային գործիչ եւ «հանրային վերահսկողության» խտրական, կանխակալ ու թիրախավորող իմիտացիա։

Հ.Գ. Հաջորդիվ Հ.Խ-ի կողմից նմանատիպ զրպարտանքի դեպքում կրկին ստիպված կլինեմ դիմելու Դատարան՝ հերքման պահանջով եւ բարոյական վնասի փոխհատուցման հայցով։ 

Բարի հանգստյան օրեր բոլորիս»,- գրել է ՊՎԾ ղեկավարը:

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին