▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիմում՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին»․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է․ «ԴԻՄՈՒՄ՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻՆ․
Աստված օգնական սրբազան,
Այսօր մամուլում կարդացի, որ կան մարդիկ, որ այնքան են ոգևորվել հայոց բանակում հոգևոր ծառայության դադարեցմամբ, որ հաջորդիվ ակնկալում են հիվանդանոցներից և բուժհաստատություններից հանել մատուռներն ու աղոթատեղիները:
Ըստ նրանց հիվանդը գնում է հիվանդանոց բացառապես բժշկի հույսով, բուժվելու համար, հակառակ դեպքում թող գնան եկեղեցի, իբրև թե դա նսեմացնում է բժշկի աշխատանքը եվ մասնագիտական կարողությունները: Պարզ է, որ Օվերտոնի պատուհան է բացված, շոշափելու մարդկանց տրամադրությունները: Հիվանդանոցներում աղոթատեղիները ծառայում են որպես հոգեբանական հենարան ոչ միայն հիվանդի, այլև հաճախ հոգեկան ապրումների կամ հուսահատության մեջ գտնվող հարազատների համար։ Նման միտքը մարդկային անԱստվածության սիմպտոմներից մեկի՝ անգթության արտահայտություն է, նպատակ ունենալով զրկել հիվանդ մարդուն կամ հարազատին հոգևոր սփոփանքի հնարավորությունից:
Դիմում եմ ձեզ, որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, հաշվի առնելով այն, որ.
1) Ամենաշատ մատուռներն ու աղոթատեղիները ամենայն հավանականությամբ Երևանի բուժհիմնարկներում են գտնվում, որոնք օրհնվել են ձեր կամ թեմի քահանաների կողմից (առնվազն մեկին ներկա եմ գտնվել):
2) Դրանցում առկա սրբապատկերներն օծված են ձեր ձեռամբ (առնվազն մեկին ներկա եմ գտնվել):
3) Այդ մատուռները հաշվառված են Արարատյան թեմում, որպես գործող աղոթատեղիներ:
4) Մեր Տեր Հիսուս Քրիստոս զգուշացրեց. «Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն» (Մատթ. 7:6):
5) Առաքյալը զգուշացրեց. «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով...» (Գործք 20:28):
Սրբազա՛ն, արդյո՞ք դուք չեք պատրաստվում որպես առաջնորդական փոխանորդ.
1. Հանդես գալ դիրքորոշմամբ, որը կկանխի օվերտոնի հաջորդ պատուհանների բացումը, Աստված մի արասցե, դեպի նման խելացնոր որոշման ընդունումը:
2. Մեկնաբանել այն պնդումը, թե մատուռի առկայությունը հիվանդանոցում նսեմացնում է բժշկի աշխատանքը։
3. Պատասխանել այն մտքին, որ հիվանդանոցը պետք է լինի բացառապես «չոր մասնագիտական» հաստատություն՝ զուրկ աղոթքի անկյունից, հոգևոր սփոփանքի հնարավորությունից:
4. Անդրադառնալ, թե արդյո՞ք աղոթող բժիշկն ու աղոթող հիվանդը «նսեմացնում» են այս մարդասիրական մասնագիտությունը:
Չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք։ Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում» (Յովհ. 6:64-65):
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ, դուք մեկ այլ «բարենորոգիչ» Վրթանես եպիսկոպոսի հետ վերաօծել եք ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության Քանաքեռի Ս.Աստվածածին եկեղեցին, որին ես ներկա եմ գտնվել: Առիթից օգտվելով ուզում եմ ճշտել.
1. Ո՞րն է ձեր դիրքորոշումը ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդի և գնդերեցների ծառայության դադարեցման հետ կապված:
2. Հաշվի առնելով դա՝ արդյո՞ք տեսնում եք միտում՝ հանրային բոլոր կարևոր ինստիտուտներից (բանակ, հիվանդանոց, կրթական օջախներ) Եկեղեցուն դուրս մղելու ուղղությամբ:
3. Սա ձեր «բարենորոգման» ծրագրի հետ որքանո՞վ է առնչվում:
Կանխավ շնորհակալ եմ նվաստիս արձագանքելու համար:
Հարգանքով՝

Սամվել դպիր Գրիգորյան»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին