▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձախողման առաջին պատասխանատուն փոխնախարար Լենա Նանուշյանն է

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում համընդհանուր պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը շարունակում է մնալ թղթի վրա։ Տարեցտարի հայտարարվում է, որ մեկնարկը մոտ է, սակայն ծրագիրը մշտապես հետաձգվում է։
Այս ձախողման առաջին պատասխանատուն փոխնախարար Լենա Նանուշյանն է։ Նա համակարգում է գործընթացը, սակայն իր պաշտոնավարման ընթացքում չի ապահովել ո՛չ ժամանակացույցի, ո՛չ էլ իրական արդյունքի պահպանում։ Նանուշյանը հայտնի է նրանով, որ հաջողությամբ խուսափում է պատասխանատվությունից՝ անտեղյակ լինելով իր ոլորտի բազմաթիվ նրբություններից։ Այսօր էլ նա փորձում է ձախողումը բարդել նախարար Անահիտ Ավանեսյանի վրա՝ ունենալով նաև լարված հարաբերություններ նրա հետ։
Միևնույն ժամանակ քննադատությունը նախարար Ավանեսյանին ևս չի կարող շրջանցել։ Որպես քաղաքական թիմի անդամ՝ նա ոչ միայն պետք է ՔՊ նիստերին մասնակցեր, այլև պարտավոր էր ապահովագրության ծրագիրը հասցնել ավարտի և թույլ չտալ դրա շարունակական հետաձգումը։ Իրականում նախարարն անգործությամբ նպաստել է, որ ամենակարևոր խոստումը շարունակի մնալ չիրագործված։
Արդյունքում, պետք է արձանագրել, որ ՔՊ իշխանությունը տապալել է սեփական ծրագրի առանցքային կետերից մեկը։ Սա միայն առողջապահական ոլորտի խնդիր չէ. ապահովագրության ներդրումը նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման պարտադիր պայմաններից է։ Այս ձախողումը ոչ միայն խաթարում է Հայաստանի քաղաքացիների սոցիալական անվտանգությունը, այլ նաև թուլացնում է երկրի եվրոպական օրակարգը։

ՔՊ-ն, նախարար Անահիտ Ավանեսյանը և սոցապնախարար Արսեն Թորոսյանի մտերիմ փոխնախարար Լենա Նանուշյանը պարտավոր են հասարակությանը տալ պարզ ու հստակ պատասխան. երբ է վերջապես իրականացվելու համընդհանուր առողջապահական ապահովագրությունը, թե՞ այն շարունակում է մնալ միայն նախընտրական քարոզչության հերթական խաբկանքը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին