▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում եմ, որ օտարության մեջ մնալով՝ հայ երեխաները չկորցնեն ազգային մշակույթը

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական ռադիոյի «Մերոնք» հաղորդաշարին հյուրընկալված մեր հայրենակիցների հետ հարցազրույցները:

Ստորեւ ներկայացնում ենք զրույց պարուսույց Նելլի Վարդանյանի հետ.

-Նելլի , ինչպես են սկսվել ձեր առաջին քայլերը պարարվեստում:

-Պարել սկսել եմ 8 տարեկանից Չարենցավանի արվեստի դպրոցում, որտեղ դասական պարի ուսուցիչս Վիկտոր Գեղամվիչ Փարսադանյանն էր, հայկական երաժշտական պարերի ուսուցիչս Հովհաննես Մինասյանը եւ նրանց եմ շնորհակալ, որովհետեւ հենց նրանք իմ մեջ սերմանեցին այս մեծ սերը պարարվեստի հանդեպ:

-Հայրենիքից այդքան հեռու գտնվելով հանդերձ, տեղի Երիտասարդական մշակույթի կենտրոնում հայկական պար եք դասավանդում:Հետաքրքիր է , ինչպես ստացվեց համագործակցությունը ֆրանսիացիների հետ:

-Այո, ինձ համար էլ էր անակնկալ, քանի-որ երիտասարդական մշակույթի կենտրոն դիմել էի մեկ այլ աշխատանքի համար, բայց տնօրինությունը կարդալով իմ ինքնակենսագրությունը հետաքրքրեց նրանց իմ արվեստը եւ բաց դռների օրը հրավիրեցին ինձ ներկայացնել հայկական պար:

-Նելլի, 2009թ.-ից սկսած Ֆրանսիական երիտասարդական մշակույթի կենտրոնում գործում է ձեր հիմնադրած «Էրեբունի» պարային համույթը:Ինչ հաջողություններ է գրանցել «էրեբունին» մինչ այսօր:

-Ամեն տարի ունենում ենք Ամանորյա եւ տարեվերջյան համերգներ:Մեր պարը նորույթ էր ֆրանսիացիների համար, շատ ոգեւորված էին նրանք, անգամ մեր խմբում ֆրանսիացիներ են հանդես եկել:Համագործակցում եմ նաեւ տեղի հայկական համայնքում գործող «Հայասա» պարային համույթի հետ, որոնց հետ մեկտեղ ելույթ ենք ունեցել Ստրասբուրգում հայ աստղերի մասնակցությամբ տեղի ունեցած համերգային ծրագրում:

-Այժմ մի փոքր խոսենք ապագայի պլանների մասին:

-Իհարկե պլանները շատ-շատ են, որոնցից միայն մեկի փակագծերը կբացեմ. տեղի հայկական համայնքի ղեկավար Արթուր Ավետյանի հետ նախագծել ենք գարնանը ներկայացնել մի շքեղ համերգային ծրագիր հայ եւ ֆրանսիացի հանդիսատեսի համար:

-Եւ վերջում` մեր հաղորդաշարի ավանդական հարցը. ինչ կմաղթեք հայ երեխաներին, հատկապես նրանց, ովքեր ապրում են հայրենիքից հեռու:

- Որպես պարուսույց ցանկանում եմ, որ օտարության մեջ մնալով հանդերձ չկորցնեն մեր ազգային մշակույթը:Ի դեպ,ցավալի է, բայց փաստ, որ օտարության մեջ գտնվելով երեխաները նախընտրում են օտար մշակույթ,ուստի կոչ եմ անում ծնողներին այս ողղությամբ աշխատել իրենց երեխաների հետ:

 

Նյութը պատրաստեց Մերինե Թադեւոսյանը

Նանսի, Ֆրանսիա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին