Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել երեկ չէ առաջին օրվա գիշերը։ Այս մասին հայտնում է 24Նյուզ-ը։ Գլխավոր «դերակատարներն» են եղել Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակով ավագանու կազմում ընդգրկված, հետագայում իշխող «Միասնություն» դաշինքին միացած Վարդան Սուքիասյանը, ինչպես նաև համայնքապետի թիմակիցներից ևս 10 անձ: Լրատվականի աղբյուրների փոխանցմամբ, մոտ 40 րոպե վիճաբանել են իրար հետ. ծեծել, հայհոյել, հարցն ընդհուպ հասել է դանակահարության: Նշենք նաև, որ Վարդան Սուքիասյանը ԵԿՄ-ական, Բյուրեղավանի տարածքային կառույցի ղեկավար Մուշեղ Սուքիասյանի տղան է: Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ լրատվականը հարցմամբ դիմել էր Քննչական կոմիտե, որտեղից հաստատել են տեղեկությունը. «Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ ձերբակալվել է»,- ասել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: |