Դեկտեմբերի 23 -ին, 19.00 -ին Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար» ձկնալի ըմպելարանում տեղի կունենա երիտասարդ գրող, սցենարիստ Արմինե Բոյաջյանի՝ «Բարձր լարում» գրքի շնորհանդես-վաճառքը: «Բարձր լարում» գիրքը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակության բողոքի մասին է.
«Բաղրամյանը միջոց էր` արտահայտելու այն, ինչ կուտակված էր իմ ներսում հայի, էսօրվա, երեկվա, վաղվա իմ, բոլորիս երկրի, քաղաքի, տեսակի մասին»,- ասում է գրքի հեղինակը:
Ինչպես նշել է Արմինե Բոյաջյանը՝ տվյալ գրքի հերոսը մարդն է՝ բոլոր ժամանակներում: Գրքի հերոսները գյուղացիներ են, խուլ, աշխարհից կտրված իրենց անկյունում ապրող գյուղացիներ, ինչպես նաև «Բարձր լարում» գրքում կան նաև սիմվոլիկ հերոսներ, օրինակ՝ կենդանիներ, բզեզներ և այլն:
Երիտասարդ գրողի խոսքերով՝ «Բարձր լարում»-ի միջոցով ինքը փորձել է իր մտահոգությունը հայտնել իր հայրենիքի մասին.
«Ինձ լույսի թանկացումը չէ, որ մղել է գրելու, ինձ այդ ցույցի ժամանակ փողոցն ավլող երիտասարդն է մղել, ինձ Բաղրամյանում հարսի քողով հայտնված հայուհին է մղել այս պատմությանն անդրադառնալուն, ինձ չհարմարվող տղաներն են մղել անելու էս գործը: Ես պատրաստ եմ լսել և ընդունել ցանկացած առողջ քննադատություն: Պարզապես հորդորում եմ գիրքս հասկանալ ոչ թե որպես միտինգ, այլ` որպես գրականություն»,- իր գրքի մասին պատմում է Արմինե Բոյաջյանը:
Տեղեկացնենք, որ բացի «Նավավարում» սպասվելիք «Բարձր լարում» գրքի շնորհանդեսից, այս օրերին «Ժան-Պոլ» էքզիստենցյալ սրճարանում շարունակվում է գյումրեցի լուսանկարիչ Լևոն Ֆլջյանի «Բարձր լարում» նախագծի ցուցադրությունը, ինչի միջոցով հեղինակը փորձել է շեշտադրել հանրային բողոքների լարման կետերը: