▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօր Երևանի դեմքը ոչ թե համերգն է, այլ Նուբարաշենի վառվող աղբավայրը»

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ու վաղը տոնելու են Էրեբունի Երևանը: Նույն այն Երևանի տոնը, որին խեղդում են սեփական ծխի, գարշահոտության մեջ: Ձեզ ցույց չեն տալու քաղաքի կառավարման ձախողումն ու քաղաքի նկատմամբ իրական վերաբերմունքը: Ձեզ ցույց են տալու շղարշը, կեղծը, արհեստականը, իրենց փող բերողը: Մինչդեռ այսօր Երևանի դեմքն ու կերպը ոչ թե համերգն է, ճռճռան միջոցառումները, կեղծ ուրախությունը, այլ Նուբարաշենի վառվող աղբավայրը: Արդեն յոթ տարի է՝ իշխանությունը չի կարողանում կառուցել ժամանակակից աղբի վերամշակման գործարան, որը կսպասարկի Երևանը։
Տեխնիկապես նման օբյեկտը կառուցվում է 2–3 տարում, սակայն իրականում ոչինչ չի արվել։
Ֆինանսներ կան, հողատարածք կա, միջազգային ծրագրեր առաջարկվել են, բայց կառավարությունը տարիներով պահում է իրավիճակը նույն կետում։
Սա նշանակում է՝ խնդիրը ոչ թե կարողության, այլ շահի և կամքի բացակայության մեջ է։ Աղբի վերամշակման գործարանը երևի կփակի այն բիզնես սխեմաները, որոնք շահույթ են բերում իշխանական շրջանակներին՝ աղբավայրերի և աղբի կառավարման միջոցով։ Հետևաբար իշխանությունը կանխում է զարգացումը, որպեսզի պահպանվի շահը։
Երբ պետությունը յոթ տարի շարունակ չի կարողանում նույնիսկ իր աղբը մշակել, դա նշանակում է, որ այն այլևս չի կառավարում, այլ պահպանում է սեփական հարմարավետությունը հանրային քայքայման հաշվին։ Պետությունը, որը չունի երկարաժամկետ էկոլոգիական ռազմավարություն, դատապարտված է մնալ տխուր հակասության մեջ, խոստանալ եվրոպական մոդելներ, բայց կառավարվել մերձավորարևելյան մտածողությամբ։ Յոթ տարին բավարար է եղել ոչ թե կառուցելու, այլ հստակ ցույց տալու, որ կառավարման համակարգն իր բնույթով անկարող է ստեղծել հանրային արժեք։
Երբ պետությունը չի կարողանում անգամ իր մայրաքաղաքի աղբն արժանապատիվ ձևով մշակել՝ դա նշանակում է՝ այն կորցրել է հասարակական կառավարման իմաստը։
Այս կեղծ առաջադեմ պոռոտախոսներին պետք է բաց ասել, որ աղբի վերամշակման գործարանը ոչ միայն ինժեներական, այլ քաղաքակրթական ցուցանիշ է։ Այն երկրները, որոնք կառուցում են աղբի վերամշակման գործարաններ, կառուցում են նաև վստահություն քաղաքացիների մեջ։
P.S. Այս պատմությունը աղբի մասին չէ։
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է իշխանությունը տարիներով քանդում հանրային պատասխանատվության գաղափարը։ Երբ ամեն ինչ կա՝ ֆինանս, հող, հնարավորություն, և չի արվում՝ դա նշանակում է, որ իշխանությունը չի ծառայում հանրությանը, Երևանին, այլ պաշտպանում է բացառապես իր շահերի փակ համակարգը»:

***

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրորդ սուտկայի կեսից արթնացավ Առողջապահության նախարարությունը և իրազեկում է՝ պետք է մնալ փակ տարածքներում։ Երևանի քաղաքապետարանից էլ քիչ առաջ լրագրողներին հարցազրույց տալու ընթացքում իմացա, որ երեկոյան համերգը չեղարկված չէ։ Դուք իրարից առհասարակ խաբա՞ր եք, թե սա հստակ ձեռագիր է։ Ի՞նչ համերգ, երգեն, պարեն, թռվռան, որ ավելի մեծացնեն ռիսկե՞րը…
Հետո էլ ասում են մասնագետ լինելը կարևոր չէ, կառավարման ձիրքը բավարար է… Տեսնում ենք…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին