Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Չկայացածները
Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին քաղաք” նախագիծը, որի արդյունքում պետք է ավերվեր ու ձևախեղվեր Հանրապետության հրապարակի մակերեսը: Ճարտարապետները մի կերպ համոզեցին, որ չի կարելի նման բան թույլ տալ ու հետ կանգնեցրին լայվ մտնող իշխանավորներին: Հետո անցան Հանրապետության հրապարակի շենքերը ծակծկելու գործողություններին, սրբատաշ քարերը վերածելով փոշու զանգվածի: Կրկին բողոքներ ու ոչ մի պատասխանատվություն, ոչ մի պատիժ:
«Հին քաղաք» նախագիծը դորդուբեշ անելուց հետո կպան «Ակադեմիական քաղաք» կոչված երիտասարդական համակենտրոնացման ճամբարի զուլում նախագծին: Վերջին տվյալներով «Ակադեմիական քաղաք»-ի հետքերը նկատելի են եղել Գորիսի մատույցներում:
Հետո անցան «հիմնավերանորոգման» անվան տակ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը քարուքանդ անելու ծրագրին ու այս անգամ էլ ճարտարապետներն ու հազարավոր ՀՀ քաղաքացիներ ասեցին «մի´ արեք, սա վերանորոգում չի»:
Բայց ՔՊ-ի համար ընկրկելն ու սխալների ընդունումը հավասարազոր է մահվան դատավճռի, ուստի մինչև վերջ պատրաստ գնալ: Չէ՞ որ իրենցն է «դատաիրավական համակարգ» կոչվածը, որտեղ տակավին չի հայտնվել գեթ մեկ դատավոր, ով խիզախություն կունենա հայտարարելու, որ հենց ինքն է այն դատավորը, որը չի կատարի «Նիկոլ Փաշինյանի ասածը»:
Համակարգն ամբողջությամբ դեռևս չի նկատել ծայրագույն հանցագործության` արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության մեջ իր մեղսակցության մասին Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանանքը և տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ դատաիրավական համակարգում չկան Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ: Կամ միգուցե կան, բայց հիշողությունը դարձել է սակարկելի է, այնպես ինչպես սակարկելի են մեղմացուցիչ հանգամանքներն ու քրգործի հոդվածի թվի ընտրությունը:
Երեկ տասնյակ հազարավոր երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր շնչեցին պլաստիկի թունավոր գազերի արտանետումներ ու չգիտակցելով թունավորվեցին, քանզի նորմալ երկրում նման կարգի բռնկումներն ու օդի աղտոտության մակարդակը հաշվի առնելով, արտակարգ դրություն կհայտարարվեր, քաղաքացիներին կոչ կարվեր առժամանակ դուրս գալ քաղաքի տարածքից կամ մնալ տանը` կանխարգելիչ քայլեր կատարելու ցուցումներով: Բայց ինչպե՞ս կարելի է տապալել նախապես համաձայնեցված ֆինանսական բաշխումների ու վերաբաշխումների համալիր ծրագիրը: Բեմերն արդեն դրված էին…
Իսկ այսօր, ավանդույթի համաձայն եկամուտների ու ատկատների հաշվարկի ու վերահաշվարկի սրբազան օրն է: Պետք է դիմանալ, մինչև հանրությանը հերթական լուսավոր ու խինդառատ տոն կպարգևեն Ամանորի կապակցությամբ:
Իսկ մենք կարձանագրենք, որ պետականության մահվան գլխավոր ցուցիչներից մեկն այլևս դարձել է ճոռոմ ու ատկատաշատ փառատոնների կազմակերպումն ու ու մեր մարզիկների հաղթանակների վրա քաղաքական միավորներ շահող ու ինքնահաստատվելու փորձ կատարող իշխանությունները, որոնց միակ նորամուծությունը «խաղաղություն» կոչվող տանգոն է` որը տակավին պարում են առանց զուգընկերոջ…»։