Նաոյա Յամազակին՝ Ճապոնիայի Կամակուրա քաղաքից, սովորական փոքրիկ տղա էր: Ինչպես իր բոլոր հասակակիցները, նա ևս անհանգիստ, չարաճճի երեխա էր: Բայց տղայի կյանքը գլխիվայր շուռ եկավ, երբ նա դարձավ հինգ տարեկան: Տղայի մոտ քաղցկեղ հայտնաբերեցին…
Չարորակ ուռուցքը քայքայում էր տղայի ոսկորները: Նա ինտենսիվ քիմիաթերապիայի կուրս անցավ, և որոշ ժամանակ թվում էր, թե հիվանդությունը նահանջել է: Բայց դա ընդամենը կարճատև դադար էր:
Քաղցկեղի դեմ պայքարը շարունակվեց չորս տարի: Եվ չնայած կարճատև հաջողություններին՝ տղայի վիճակը գնալով վատանում էր: Հիվանդությունը դանդաղ և վստահորեն հաղթում էր՝ տղայի և իր ծնողների կյանքն իսկական մղձավանջի վերածելով:
Այնուամենայնիվ, տղան միշտ կենսախինդ էր և մինչև վերջին պահը պահպանում էր իր լավատեսությունը: Նրա կամքի ուժին և պայքարելու ունակությանը կարելի էր միայն նախանձել:
Երբ Նաոյան դարձավ 9 տարեկան, հիվանդությունն ամբողջությամբ տիրել էր նրա մարմնին: Մի օր գիշերը տղան սկսեց խեղդվել: Մինչ բժիշկները փորձում էին կայունացնել նրա վիճակը՝ մայրը խուճապահար դուրս փախավ հիվանդասենյակից: Նա չէր կարողանում տեսնել, թե ինչպես է իր երեխան մահանում…
Բժիշկներին հաջողվեց կանգնեցնել հազի նոպան, բայց նրանցից մեկն ասաց տղայի մորը, որ երեխային շատ քիչ կյանք է մնացել ապրելու: Հնարավոր է, որ նա նույնիսկ մի քանի ժամ չապրի:
Երբ մայրիկը մտավ հիվանդասենյակ, Նաոյան փորձում էր հանգստություն պահպանել. «Ես չէի կարող հիմա մահանալ, մայրիկ: Եթե ես մահանայի նման սարսափելի տանջանքների մեջ, քեզ համար շատ ցավոտ կլիներ: Այդ պատճառով էլ, ես իմ ամբողջ ուժով փորձում էի ուշքի գալ»:
Ուղղակի անհավատալի է, որ նույնիսկ դժոխային տանջանքների մեջ լինելով, տղան առաջին հերթին իր մայրիկի զգացմունքների մասին է մտածել:
Չնայած բժիշկների կանխատեսումներին՝ տղան ևս երկու շաբաթ ապրեց: Մի օր նա բուժքույրերից մեկին ասել էր իր վերջին ցանկությունը. «Ես չեմ կարող հիմա մահանալ, իմ մայրիկը դեռ դրան պատրաստ չէ»:
Մի քանի օր անց տղան մահացավ: Նա կյանքից հանգիստ հեռացավ: Թվում էր, թե երկար տարիների տառապանքից հետո, ցավը վերջապես բաց թողեց նրան…
Թաղման ժամանակ նրա մայրիկի աչքերում ոչ մի կաթիլ արցունք չհայտնվեց: Քանի որ մահանալուց առաջ տղան ասել էր նրան. «Դու միայն թե չլացես, երբ ես չլինեմ: Դու պետք է երկար ապրես և երջանիկ լինես: Իսկ իմ հոգին միշտ քո կողքին կլինի»:
Այս փոքրիկ խիզախ տղայի կյանքի պատմությանը նվիրված գիրք են գրել. «Ապրիր, և երջանիկ կլինես»:
BlogNews.am