Գերասիմ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ինտերը չի պատրաստվում չորս ֆուտբոլիստի հետ շարունակել համագործակցությունը այս մրցաշրջանի ավարտից հետո։ Նրանց շարքում նշվում է Հենրիխ Մխիթարյանի անունը։ Իրականում այս կարգի լուրերը՝ նույնիսկ եթե դրանց սկզբնաղբյուրը ճիշտ է, մեծ հաշվով, ժամանակի և տարածության մեջ չունեն իմպերատիվ բնույթ։ Նախ՝ մրցաշրջանը նոր է մեկնարկել ու դեռ լիքը ջրեր են հոսելու և դժվար է այսօր կանխատեսել, թե ով և ինչպես իրեն կդրսևորի։ Մի պահ պատկերացրեք Ինտերը տանում է Սկուդետտոն, հաղթում է չեմպիոնների լիգան և դրանում Հենոն մեծ ավանդ է ունենում։ Մի րոպե չկասկածեք Մարոտտան թուղթ ու գրիչը ձեռքը հետապնդելու է նրան։
Մյուս կողմից այս լուրը նորություն, առավել ևս անակնկալ չէր։ Մխիթարյանն իրեն հատուկ հանգստությամբ արդեն անդրադարձել է իր կարիերայի շարունակման հարցին՝ նշելով, որ կգա ժամանակը և այդ առումով որոշումը կկայացնի՝ չբացառելով ընդհուպ մինչև "մարզակոշիկները մեխից կախելու" տարբերակը։
Մի խոսքով, այս լուրը, հաստատ, պետք չէ առանձնահատուկ լարվածությամբ ընդունել։ Հիմա պետք է պարզապես հաճույք ստանալ մեր ֆուտբոլի անառարկելի առաջատարի ու դեսպանի անզուգական խաղով։ Նա, վստահաբար, դեռ բազում հրաշալի պահեր կպարգևի հայ ֆուտբոլասերներին։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։