Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատիկի առթիվ ուղերձ է հղել, որում հանդես է եկել զինաթափման և խաղաղության օգտին՝ հաշտեցման կոչ անելով Սուրբ Երկրում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում: Նա նաև աջակցություն է հայտնել Պաղեստինի և Իսրայելի քրիստոնյաներին։
«Խաղաղությանբ անհնար է հասնել առանց լիակատար զինաթափման, և ինքնապաշտպանության ցանկությունը չպետք է վերածվի սպառազինությունների մրցավազքի»,– այս մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է իր ուղերձում։
88-ամյա պապն անձամբ ներկա է եղել Սուրբ Պետրոսի տաճարի ճակատային մասի պատշգամբում իր ուղերձի ընթերցմանը՝ մաղթելով բոլոր հավատացյալներին ուրախ Սուրբ Զատիկ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Առանց զինաթափման խաղաղություն հնարավոր չէ։ Ցանկացած ազգի սեփական պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը չի կարող վերածվել սպառազինությունների մրցավազքի»,– ասել է նա։
Այնուհետև պապը անդրադարձել է հակամարտությունների բացասական հետևանքներին, որոնք ազդում են քաղաքացիական բնակչության վրա և հանգեցնում են ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների ոչնչացմանը։
Նա ընդգծել է. «Մենք չպետք է մոռանանք, որ տուժում է ոչ թե թշնամին, այլ հոգի ու մարդկային արժանապատվություն ունեցող մարդիկ»։
Ֆրանցիսկոս պապը նաև անդրադարձել է Հարավայի Կովկասին՝ նշելով, որ այստեղ երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում։
«Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար»,– ասել է Հռոմի պապը։
Հիշեցնենք, որ նրա փոխարեն Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդկանց առջև պատարագ է մատուցել կարդինալ Անջելո Կոմաստրին՝ Սուրբ Պետրոսի բազիլիկի պաշտոնաթող ավագ քահանան: