▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանը «մոռացել» է իր բուն պարտականությունների մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ, համատեղության կարգով «Պոլիտեխնիկ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը այս տարվա օգոստոսի 28-ին պարծեցավ, թե իբր վերջին չորս տարիներին «Պոլիտեխնիկ»-ում արդեն երրորդ անգամ աշխատավարձի էական բարձրացում է արվել։

Թվաբանությունը զարմացնում է անգամ փորձառու մաթեմատիկոսներին՝ 108%, 15%, 14% եւ 13%։ Թվում է՝ տոկոսները չեն վերջանա, եթե հաջորդ անգամ էլ նույն ոգեւորությամբ հայտարարի, թե «պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը կրկին բարձրացել են, այս անգամ…՝ Երկնային աստիճաններով»։

Իրականում ի՞նչ կապ ունի նա աշխատավարձերի, համալսարանի կառավարման գործընթացի հետ, եթե իր պարտականությունները չի կարողանում պատշաճ կատարել:

Տպավորություն է, թե Տիգրան Ավինյանն էլ է կլանվել տոկոսների կախարդանքով։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը արդեն վաղուց է ապացուցել, որ թվաբանական «անիմաստությունն» իր սիրելի սպորտաձեւն է։ Իսկ հիմա քաղաքապետը կարծես որոշել է հետ չմնալ այս մրցավազքից։

Այստեղ, սակայն, մի «փոքրիկ» խնդիր կա։ Քաղաքապետի պաշտոնը ունի ե՛ւ պարտականություններ, ե՛ւ պատասխանատվություն։ Իսկ պարտականությունների մասին Ավինյանը հիշում է կարծես միայն այն ժամանակ, երբ հարցն արդեն անլուծելի փակուղու առջեւ է։

Օրինակ՝ Երեւանի համայնքը նրա ղեկավարության օրոք ունի ավելի քան 14 միլիարդ դրամի պարտք։ Գույքահարկի հավաքագրման մակարդակը ողբերգական վիճակում է։ Քաղաքային տնտեսության կառավարումը՝ խայտառակ ձախողված. փաստերը բազմաթիվ են։

Սակայն քաղաքապետ Ավինյանը «մոռացել» է իր բուն պարտականությունների մասին ու թավշյա ոգեւորությամբ մտել է ակադեմիական դաշտ։

Մնում է՝ նա իրականում ներկայացնի տպավորիչ թվեր, թե, օրինակ, իր ղեկավարման օրոք Երեւանի փողոցների փոսերը ինչպես են 200%-ով մեծացել, կամ քաղաքային պարտքերը կրկնապատկվել՝ «ի շահ» երեւանցիների առաջընթացի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին