Հակակոռուպցիոն դատարանում 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ստացվել և մակագրվել է Ավեդիս Կարագուլյանի քրեական գործը: Գործը դեկտեմբերի 11-ին հանձնվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին: Նախաքննությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունից: Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համաձայն, Ավեդիս Կարագուլյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին:
Մեղադրանքի համաձայն, Ավեդիս Կարագուլյանը իր օգտին պաշտոնեական դիրքն օգտագործելով գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, 1998 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2004 թվականի փետրվարի 16-ը Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, համատեղության կարգով 2000 թվականի փետրվարի 12-ից մինչև 2005 թվականի ապրիլի 6-ը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձ Լյովա Սարգսյանին: Ապա Ավեդիս Կարագուլյանը խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Լյովա Սարգսյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ գույքի ծագման աղբյուրը և իրական պատկանելիությունը թաքցնելուն և խեղաթյուրելուն:
Ավեդիս Կարագուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը համակցված գրավի հետ:
Գործի նյութերի հետ միասին դատարան է ներկայացվել նաև երեք փաթեթ կնիքված վիճակում որպես իրեղեն ապացույց, որը տրվել է դատավորին:
2025 թվականի դեկտեմբերի 12-ին դատավոր Սարգիս Պետրոսյանը որոշում է կայացրել քրեական գործով ստանձնել վարույթ և նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, Հակակոռուպցիոն դատարանի թիվ 5 դահլիճում:
Սակայն 2025 թվականի դեկտեմբերի 25-ին նշանակված դատական նիստը չի կայացել պաշտպանի կողմից հասցեագրված դիմումի հիման վրա: Պաշտպանը հայտնել է, որ նույն օրը, նույն ժամին դատավոր Ա.Մելիքսեթյանի նախագահությամբ քննվող քրեական վարույթով նախապես համաձայնեցված դատական նիստին մասնակցելու հանգամանքով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել է այն հետաձգել: Դատական նիստերի քարտուղար Մարիամ Կարապետյանը տեղեկանք է կազմել այս հանգամանքի մասին: Դատական նիստը հետաձգվել է։
Ծանուցում. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


