«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցածը կրկին հիշեցրեց, թե ինչպես է պետական համակարգը աստիճանաբար վերածվում կուսակցական գրասենյակի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տնօրենության աշխատասենյակում հավաք է կազմակերպել՝ պահանջելով ապահովել ՔՊ-ի անդամների ներկայությունը։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մարտունի համայնքի ավագանու անդամ, Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանն անձամբ Անահիտ Ավանեսյանին դիմավորել է հիվանդանոցում, ավագանու մի քանի ՔՊ-ական անդամների հետ սպասել են այնտեղ, մինչեւ գլխավոր բժիշկը Երեւանից հասել է Մարտունու ԲԿ, որպեսզի կարողանան կազմակերպել քարոզչական աշխատանքները:
Հիվանդանոց այցելած բուժաշխատողները սպասել են, որ նախարարն առիթը կօգտագործի մասնագիտական խնդիրներ լսելու, բաժիններում շրջելու, բժշկական անձնակազմի հետ առողջապահական հարցեր քննարկելու համար, բայց նախարարը հերթական կուսակցական քարոզարշավն է արել։ Նա փոխանակ քաղաքականությունից հեռու եւ չեզոք պահի բուժհաստատությունը՝ այն վերածել է կուսակցական հավաքատեղու, ինչը բժշկական համայնքի վստահությունն է նվազեցնում նույն նախարարության նկատմամբ։
Հարց է ծագում. եթե առողջապահության թիվ մեկ պատասխանատուն բժշկական կենտրոն է մտնում ոչ թե մասնագիտական խնդիրների լուծման, այլ քարոզչության համար, ապա ո՞վ պիտի զբաղվի առողջապահությամբ։
Նախարարի մամուլի խոսնակը, հաստատելով մեր տեղեկությունը, որ նախարարը եղել է Մարտունու ԲԿ-ում, այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթին տվեց հետեւյալ պարզաբանումը.
«Տիկին նախարարը շատ լավ գիտի, որտեղ կարող է քաղաքական քարոզչություն և հավաք անել, և որտեղ՝ առողջապահական ոլորտի հարցեր քննարկել, շրջայց կատարել։ Լավ կլինի նաև, որ իրազեկված լինեք․ վարչության ընտրություններում ընտրողները կուսակցականներն են, քարոզարշավը կատարվում է կուսակիցների շրջանում, ուստի այլ միջավայրում, ինչպես դուք եք ասում, քարոզ անելը՝ պարզ ձևակերպեմ, թիրախային չէ։ Նախարարը Մարտունիում եղել է կուսակցական գրասենյակում, որից հետո, օգտվելով մարզում գտնվելու հանգամանքից, այցելել է նաև մեր ենթակայության գործող բժշկական կենտրոն։ Ի՞նչ արտառոց բան կա»։