▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահական ապահովագրության ծրագիրը նախընտրական տրամաբանության մեջ է, սա՛ է խնդիրը

Դուք հապշտապ բերել եք նախընտրական տրամաբանության մեջ, ու այստեղից են սկսվում բոլոր խնդիրները. Քրիստինե Վարդանյանը` առողջության պարտադիր ապահովագրության մասին

5 տարի քննարկել եք այս նախագիծը, հունվարի 1–ից համակարգը ներդրվելու է, սակայն դեկտեմբերի 2–ն է, մենք նոր ենք առաջին ընթերցում անում, ԱԺ–ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

«Մարդիկ արդեն կոնկրետ գիտեն, թե որքան են վճարելու, սակայն հստակ չգիտեն` ինչի դիմաց են վճարելու, չկա այդ ցանկը։ Դուք մեգաապահովագրական ենք սարքում` ուսումնասիրելով դաշտում առկա մասնավոր ընկերությունների հաջողված, կայացած փորձը, սակայն ձեր մոտեցումներով ու ձեր պատկերացումներով ու հնարավորություններով»,–ասաց նա։

Դիտեք նաև՝ 

Միջպետական պայմանագրերի շրջանակում ՀՀ–ում գործող ընկերությունների աշխատակիցները առողջապահության պետական պարտադիր ապահովագրության մեջ չեն մտնում. Անահիտ Ավանեսյանը պատասխանեց բազային ապահովագրությանը վերաբերող մի քանի հարցի

ՔՊ–ական պատգամավոր Լուսինե Բադալյանը նաև հարցրել էր, թե ապահովագրության համար տրվող գումարները ինչ տարբերակով են վճարվելու։ Եվ ինչ են անելու 63–64 տարեկան այն քաղաքացիները, որոնք արդեն թոշակառու են, բայց այս ծրագրում չեն ներառվել (65+ տարիքի մարդկանց է վերաբերելու նոր կարգավորումը–խմբ.)։

«ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների և նրանց աշխատակիցների վրա տարածվում է այս կարգավորումը, և անկախ նրանից` ունեն մասնավոր ապահովագրություն, թե ոչ, 2026–ից, եթե աշխատավարձը 200 հազարից ավելի է, պետք է ունենան բազային ապահովագրական փաթեթը»,–ասաց առողջապահության նախարարը ԱԺ–ում և բացատրեց` ինչպես է իրականացվելու գումարի գանձումը։

***

«Չարորակ արյունաբանական հիվանդություն ունեցող երեխաների քիմիոթերապևտիկ դեղերի փոխհատուցումը տարեկան 200 հազար դրամ է: Էդ որ ասում եք՝ հեղափոխական նախագիծ է, ինչո՞ւ երեխաների արյունաբանական չարորակ հիվանդությունների բուժումն, այդ թվում՝ քիմիոթերապևտիկ նյութերը, պրեպարատները, ամբողջությամբ չի փոխհատուցվում»,- «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Այդ դեպքում դա կարող է լինել հեղափոխական մոտեցում, նկատեց պատգամավորը:

***

«Բարեփոխումը պետք է ներդնենք մեր մենթալիտետին համաձայն»,- «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում, ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Խիստ կասկածում եմ, որ որևէ երկիր գնացել ա այն ճանապարհով, որով հիմա մենք ենք էթում՝ կենսաթոշակառուներին, անապահով խավին միանգամից ներգրավելով էդ համակարգի մեջ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենալու հունվարի 3-ից հետո, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հոսք է լինելու: Հոսքի պատճառով մարտ, ապրիլին էդ նախատեսված գումարներն ավարտվելու են»,- ընդգծեց Աղազարյանը:

***

ԱԺ-ում քննարկվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում է նախարար Անահիտ Ավանեսյանը: Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը նկատեց. «Առաջին հայացքից թվում է՝ շատ մեծ բան եք անում, չնայած ոչ մի թիվ չհնչեցրիք՝ բացառությամբ մի քանի թվի: 2026թ. հունվարի 1-ի դրությամբ, քանի՞ 65 և ավելի տարիքի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից: 0-ից 18 որ ասում եք, նրանք հիմա էլ են օգտվում, ըտեղ նոր բան չեք անում»: Նախարարն ասաց՝ և՛ առաջին հայացքից, և՛ երկրորդ, և՛ չորրորդ, սա հեղափոխական մոտեցում է համակարգում. «Մինչև 18 տարեկանները մեր երկրում 700 000 հոգի են և այո, նրանք այսօր օգտվում են պետական պատվերից. փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակն ու ծառայությունների շրջանակում՝ փոխհատուցման գները: Հաջորդիվ, 65 պլյուս տարիքի անձինք 400 000-ից ավելի քաղաքացիներ են։ Սա ահռելի մեծ թիվ է. 400 000-ից ավելի ՀՀ քաղաքացի հնարավորություն է ունենալու օգտվել առողջապահական շատ անհրաժեշտ ծախսերից...»,- նշեց Ավանեսյանը: Ղազարյանն ասաց՝ 400 000 քաղաքացուց 80 000-ն արդեն հաշմանդամության խումբ ունի, օգտվում է, 1027-ը ֆունկցիոնալություն ունի, ևս օգտվում է, 29 298 քաղաքացի նպաստ ստանալու շեմ ունի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին