Ադրբեջանական բեռները հայ մաքսավորները ստուգելո՞ւ են, թե՞ ոչ` Պետրոս Ղազարյանը խնդրեց ուղիղ պատասխանել. «Կլինի սահմանային անցակետ` համապատասխան մաքսային ծառայություններով»,–ՀՀ ԱԳ նախարարը սա համարեց ուղիղ պատասխան։
«Ադրբեջանը հասանելիություն է ստանալու մեր ենթակառուցվածքներին, մենք էլ, բնականաբար, իրենց ենթակառուցվածքներին։ Մինչև սրան հասնելը պիտի սահմանազատում արվի, պիտի այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից դրվի Ադրբեջանի դրոշը, սահմանային անցակետեր պիտի կառուցվեն, համապատասխան մաքսային ծառայություններ լինեն, այս ամենը փոխադարձության սկզբունքին համապատասխան պետք է արվի»,– Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արարատ Միրզոյանը` հավաստիացնելով, որ պայմանավորվել են այն, ինչ գրված է։
***
Օգոստոսի 8-ին Վաշինգթոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում հավատացնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա արձանագրվել է հռչակագրով, այն ստորագրել են ՀՀ վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ-ի նախագահը` որպես վկա: Սա արձանագրվել է խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի նախաստորագրմամբ: Մենք չենք ասում` կնքվել, վերջացել է, մոլորեցնելու մեղադրանքն այստեղ ընդհանրապես անհիմն է: Նախաստորագրվել է: Բայց այստեղ էլ շատ կարևոր նրբերանգ կա: Նախաստորագրմանը հաղորդվել է այնպիսի հնչեղություն, և Ադրբեջանի նախագահի և մեր վարչապետի ու ԱՄՆ-ի նախագահի կողմից և հետո ամբողջ աշխարհի առաջնորդների կողմից, որ ընդգծվել է, որ սրանով հաստատվում է խաղաղություն: Ինչ-որ առումով, իհարկե, դեռ գործողություններ, պրոցես կլինեն, բայց ես ենթադրում եմ, որ հետագա ստորագրման ու վավերացման փուլերը գուցե նույնիսկ իրենց կշռով չկարողանան գերազանցել օգոստոսի 8-ի այդ նախաստորագրումը»:
***
«Մի հատ կբացատրե՞ք` ո՞նց պիտի խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ: Դրանք տարբեր բաներ են»,- Պետրոս Ղազարյանի հետ Սյունիքում կայացած հարցազրույցի ժամանակ տարակուսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Քարտեզ քննարկվել ա... Ես գիտեմ` այդպիսի բան ասողներից մեկը ներկա է եղել նաև բանակցությունների ինչ-որ փուլին: Շատ զարմացած եմ, որ այդ մարդը, որ խելացի մարդու տպավորություն էր թողնում, ներկա լինելով` չի տարբերել, որ նույն մարդկանց կողմից, նույն երկու պատվիրակությունների կողմից նույն սենյակում տարբեր սեսիաների ընթացքում 2 տարբեր բան են քննարկել` խաղաղության համաձայնագրի տեքստը և սահմանազատմանն առնչվող քարտեզներ: Կհիշեք, հրապարակային ահագին անդրադարձ եղավ, որ ամերիկյան կողմը տրամադրել է 1975 թվականի քարտեզների խմբի առավել ամբողջական փաթեթ և ներկայացնում էր 2 կողմին: Այսինքն, այդտեղ լինել, տեսնել, որ 2 առանձին բաներ են և հիմա ասել, որ համաձայնագրի մեջ քարտեզ չկա, մի քիչ զարմանք է առաջացնում»,- ասաց նա` չմանրամասնելով` ում է ակնարկում: |