▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

26-ամյա Երջանիկն Արտաշատում հետևել է մի աղջկա ու այգու զուգարանում փորձել է բռնաբարել նրան

 

1in.am-ը գրում է.

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ ավարտվել է Երջանիկ Մ.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Երջանիկը մեղադրվել է բռնաբարության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի  1-ին մասով: Չամուսնացած Երջանիկը «երջանկանալու» փորձ է կատարել՝ հասարակական զուգարանում անծանոթ կնոջ նկատմամբ բռնության գործադրմամբ, ու անմիջապես ապերջանիկ վիճակի մեջ է ընկել՝ դեպքի վայրից անհապաղ բերման ենթարկվելով ոստիկանություն:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 17-ի սահմաններում Արտաշատի քաղաքային զբոսայգու տարածքում զբոսնող Երջանիկը նկատել է նույն քաղաքի բնակչուհի Ամալյային (անունը փոխված է):

Երջանիկը հետևել է աղջկան, իսկ երբ վերջինս մտել է զբոսայգու տարածքում գտնվող հասարակական զուգարան, գնացել է նրա հետևից, նրա կամքին հակառակ, բռնության գործադրմամբ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը:

Երջանիկը մի ձեռքով բռնել-սեղմել է Ամալյայի պարանոցը, մյուս ձեռքով սկսել է հանել կնոջ շորերը՝ արձակել է տաբատի կոճակները: Բայց Ամալյան ակտիվորեն դիմադրել է՝ կծել է Երջանիկի աջ ձեռքի ցուցամատն ու աջ ուսը, օգնություն է կանչել, չի թողել, որ տղամարդը հանի իր շորերը:

Ամալյայի ճիչերը լսվել են զբոսայգում, անմիջապես դեպքի վայր են շտապել զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանները ու Երջանիկին հանցանքի պահին բռնելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին: Երջանիկը նույն օրը հայտնվել է անազատության մեջ:

Տուժող Ամալյան դատարանում հայտնել է, որ դեպքի օրը ինքը գնացել է զբոսայգի ու նստել է բացօթյա սրճարանի սեղաններից մեկի մոտ: Սուրճ է պատվիրել: Մինչ այդ իրեն անծանոթ մի տղա՝ Երջանիկը, մոտեցել ու նստել է իր կողքին: Ինքը պահանջել է, որ տղան հեռանա, բայց նա համառել է: Հետո էլ  տեղափոխվել ու նստել է դիմացի աթոռին:

Նա սկսել է խոսել իր հետ: Ասել է, թե առաջին հայացքից սիրահարվել է ու՝ նման բաներ: Ապա առանց իր համաձայնությունը հարցնելու՝ վճարել է իր խմած սուրճի համար:

Ինքը վեր է կացել, այդ տղայից պահանջել է, որ չհետապնդի իրեն, ապա քայլել է դեպի զբոսայգու զուգարան՝ բնական կարիքները հոգալու: Սկզբում նույնիսկ շփոթվել ու բացել է տղամարդկանց համար նախատեսված զուգարանի դուռը, ապա մտել է կանանց զուգարան: Դուրս է եկել, լվացվել է ու այդ պահին տեսել է, որ Երջանիկը մտավ զուգարան: Նրան տեսնելով՝ ինքը սկսել է գոռալ: Երջանիկը մոտեցել է, մի ձեռքով բռնել է իր բերանը, մյուս ձեռքով գրկել ու սեղմել է իրեն՝ ասելով, թե ցանկանում է հետը սեռական հարաբերություն ունենալ անմիջապես:

Ինքը դիմադրել է, որ կարողանա ազատվել ու փախչել, կծել է Երջանիկի մատը և ուսը: Բայց նա իրեն գցել է գետնին, փորձել է իջեցնել իր շալվարը:

Ինքը շարունակել է դիմադրել ու գոռալ: Այդ ժամանակ զուգարան են մտել ոստիկանները ու ազատել են իրեն…

Ամբաստանյալ Երջանիկը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նրա վարկածով՝ տեղի է ունեցել հետևյալը. տուժողի հետ հենց դեպքի օրն է ծանոթացել՝ զբոսայգու սրճարանում: Ամալյան մենակ նստած էր սրճարանի սեղաններից մեկի մոտ: Ինքը մոտեցել ու նստել է նույն սեղանի մոտ, իրենք ծանոթացել են, մոտ կես ժամ զրուցել են իրար հետ:

Ինքը վճարել է Ամալյայի պատվիրած սուրճի համար: Ամալյան գնացել է զուգարան:

Մեկ-երկու րոպե անց ինքն անհանգստացել է նրա ուշացման համար, նույնպես մտել է զուգարան: Ամալյան կանանց զուգարանի դռան մոտ էր: Նա ձեռքով կանչել է իրեն: Ինքը նրա հետևից մտել է զուգարան, բայց նա սկսել է գոռգոռալ՝ «բաց թող, բաց թող»:

Ինքը փորձել է նրան հանգստացնել՝ ասելով, թե գնում է, բայց երբ ցանկացել է զուգարանից դուրս գալ, ոստիկանները բռնել են:

Ամբաստանյալ Երջանիկը պնդել է, թե տուժողին բռնաբարելու մտադրություն չի ունեցել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, չի փորձել հանել նրա շորերը, նա էլ իրեն չի կծել: Իսկ նախաքննության ժամանակ խոստովանական ցուցմունք է տվել մի ոստիկանի՝ չի հիշում, թե կոնկրետ ում, հորդորով: Ոստիկանն ասել է՝ եթե խոստովանական ցուցմունք գրես, կազատվես, տուն կգնաս ու չես դատվի…

Նախաքննական խոստովանական ցուցմունքում Երջանիկը հայտնել է, թե դեպքի օրը զբոսայգում նկատել է մի աղջկա, ով քայլում էր դեպի սրճարան: Աղջիկը նստել է սրճարանի սեղանի մոտ: Ինքը մոտեցել, նստել է նրա կողքին: Աղջիկը պահանջել է, որ կողքին չնստի: Ինքն էլ վեր է կացել, նստել է դիմացի աթոռին: Ծանոթացել է նրա հետ, ասել է, թե սիրահարվել է նրան, ցանկանում է ամուսնանալ: Աղջիկն էլ ժպտացել է:

Ինքը վճարել է նրա պատվիրած սուրճի համար: Աղջիկը պահանջել է իրեն չհետապնդել: Նա գնացել է հասարակական զուգարան: Ինքն էլ է մտել զուգարան, տեսել է, որ աղջիկը լվացվում է: Նա իրեն նկատելով՝ սկսել է բղավել, բայց  ինքը բռնել է նրա բերանը, գրկել է, մյուս ձեռքով շոյել է կուրծքը: Այդ ընթացքում իր մեջ ցանկություն է արթնացել…

Աղջիկը դիմադրել է, կծել է իրեն, գոռացել է, խնդրել է բաց թողնել: Բայց ինքն ավելի ամուր է գրկել ու փորձել է հանել նրա շալվարը: Հանկարծ ներս են մտել ոստիկանները…

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին