▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2024թ․-ի ձեռքբերումներից մինչև զարգացման ռազմավարություն. անցկացվեց Telcell–ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

2024 թվականը Telcell ընկերության համար շրջադարձային էր՝ բաց բաժնետիրական ընկերություն դառնալուց ու բաժնետոմսեր թողարկելուց մինչև Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի գործարկում: Նախորդ տարի իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու հետագա զարգացման տեսլականը ներկայացվեց բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում: Ներկա էին ինչպես խոշոր, այնպես էլ մանր բաժնետերերը:

«Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ 2024 թվականը ընկերության համար բավականին հագեցած և իրադարձություններով լի էր: «2024–ի սեպտեմբերին մենք հայտարարեցինք բաժնետոմսերի հրապարակային թողարկման մասին և հնարավորություն ստեղծեցինք հանրությանը՝ մասնակիցը դառնալ մեր ընկերության զարգացման ուղու, մեր ընկերության ձեռքբերումների: Եվ ի շնորհիվ նաև մեր ֆինանսական շուկայի զարգացման տենդենցների՝ մեր բաժնետոմսերը սահմանված ժամկետից 1 օր էլ շուտ սպառվեցին»,–ասաց Արտյոմ Ղազարյանը:


Ավելի քան 4 մլն բաժնետոմս սպառվեց 2 ամսվա ընթացքում: Այսօր ընկերությունն ունի շուրջ 3600 բաժնետեր: «Հավատարիմ մնալով մեր դիվիդենտային քաղաքականությանը՝ մենք այս տարի գրանցված շահույթի շուրջ 79 տոկոսը տեղաբաշխելու ենք որպես դիվիդենտ, տրամադրելու ենք որպես շահաբաժին, որն առաջ է բերում շուրջ 9 տոկոս շահութաբերություն: Այսինքն՝ եթե մեր բաժնետերը ձեռք է բերել բաժնետոմսը՝ 400 դրամով, ներկայումս յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կստանա 36 դրամ շահաբաժին: Սա, կարծում եմ, որ աննախադեպ է, և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացման համար շատ գործուն քայլ է, քանի որ այդ շահաբաժնի չափը գրանցվել է ընդամենը 6–7 ամիսների համար»,–ընդգծեց Ղազարյանը: «Ընկերության հասույթը մոտ 8 տոկոսի չափով աճ գրանցեց: Telcell–ի էկոհամակարգով կատարված վճարումների ծավալը գերազանցեց 900 մլրդ–ի շեմը»,–նշեց ընկերության գլխավոր տնօրենը: Ընկերության կապիտալը 2023–ի համեմատությամբ աճել է շուրջ 44 տոկսով: Էականորեն՝ շուրջ 80 տոկոսով  աճել է Telcell Wallet հավելվածի ակտիվ օգտատերերի քանակը: Հավելվածի միջոցով ստացված վարկերի ծավալը աճել է 25%-ով: Հաշվետու տարվա ընթացքում թվային Visa տեսակի քարտերի քանակը աճել է 40 հազարով: Ընկերության տերմինալային ցանցը ևս աճել է՝ շարունակելով պահել առաջատարի դիրքերը շուկայում.ողջ հանրապետության տարածքում ավելի քան 5000 տերմինալ: Telcell–ի էկոհամակարգի միջոցով իրականացված գործարքների քանակն ամսական կտրվածքով գերազանցում է  12 մլն գործարքը:  «Այս ամբողջ արդյունքները պետք է մեր բաժնետերերի համար հիմք հանդիսանան լավատեսության ու վստահության, որ հետագա տարիների ընթացքում ընկերությունը շարունակելու է իր դինամիկ զարգացումը»,–ընդգծեց Արտյոմ Ղազարյանը:



Ընկերությունը շարունակաբար ներդրումներ է կատարում, ներգրավում է շուկայի լավագույն մասնագետներին, արդիականացրել և շարունակում է արդիականացնել նաև իր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այս առումով Telcell–ը ստացել է նաև հեղինակավոր հավաստագրեր, որոնք վկայում են ընկերության տեխնոլոգիական հենքի, միջազգային չափանիշներին համապատասխանելիության մասին: Telcell–ը մտադիր է զարգացնել իր ենթակառուցվածքները: Սպասվող ենթակառուցվածքային նորարարություններն են տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորությունը, Telcell-ի Visa Digital քարտի  միջոցով կանխիկացման հնարավորությունը, նաև նոր սերնդի ունիվերսալ Telcell բանկոմատների ներդրումը:  «Բացի այդ ամեն ինչից մենք նախատեսում ենք վերազինել ու վերափոխել մեր հավելվածը, որը կհամապատասխանի օգտատերերի փորձառությանը: Նաև արհեստական բանականության էլեմենտների կիրառման արդյունքում կունենանք ավելի ադապտացված, ավելի հարմարեցված հավելված, որը բնորոշ է միջազգային շուկայում առաջատար տեխնոլոգիական լուծումներ տրամադրող ընկերություններին»,–ասաց Ղազարյանը:

Բաժնետերերի ընդհանուր ժողովի ընթացքում ընկերության գլխավոր տնօրենը պատասխանեց բաժնետերերին հուզող տարաբնույթ հարցերի: Ընդհանուր ժողովը հաստատեց «ԹԵԼ–ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության 2024 թվականի հաշվետվությունը, նաև արտաքին աուդիտորի կողմից հաստատված՝ընկերության 2024թ ֆինանսական հաշվետվությունը: Հաստատվեց նաև ընկերության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ:

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին