«Ես մի օր պատահաբար իմացա, որ գոյություն ունի «Սասնա ծռեր» էպոսի 5 հատոր, յուրաքանչյուրը 1000 էջից բաղկացած: Դրանցում ընդգրկված է 75 պատմություն, որոնք սկսեցի հերթով ուսումնասիրել: «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» շատ հավանեցի: Ինձ գրավեց այդ ստեղծագործությունում առկա թափառող սյուժեները»,-ասում է նկարիչ Արարատ Սարգսյանը, ով, «Անտիկյան» ցուցասրահի նախաձեռնությամբ, հուլիսի 29-ին` ժամը 19:00-ին, Երևանի Արամի 42/1 հասցեում գտնվող Jean-Paul Existential սրճարանում ներկայացնելու է «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» պերֆորմանսը:
Հեղինակը սկզբում նկատել է, որ 75 պատմվածքներից որևէ մեկն իրեն հարազատ բարբառով գրված չէ և խնդրել է Ռոզա Ավետիսյանին, որ Սասնո բարբառով գրված էպոսը վերափոխի էրզրումի բարբառի և գյումրվա խոսվածքի:
Հետագայում հեղինակ այն դարձրել է եռալեզու պատկերագիր (հայերեն (էրզրումի բարբառով), անգլերեն և գերմաներեն):
Արարատ Սարգսյանի խոսքով՝ գլանակների միջոցով կավե տախտակների վրա տպագրությունը մեզ է հասել շատ հնուց: Առաջին ստեղծագործությունը «Ասքեր Գիլգամեշի մասին» էպոսն է, որ տպվել է այդ եղանակով: Բացի սրանից կան այլ ստեղծագործություններ, որոնք ներկայացված են պատմության թանգարանում:
«Պատրաստեցի 18 գլանակ, որոնք համապատասխանում են «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթի» 18 գլուխներին: Տպեցի կավե տախտակների վրա և վերջին 3 տարվա ընթացքում եվրոպական երկրներում ներկայացրեցի դրանք»,-պատմում է հեղինակը և նշում, որ իր նախագծերն առավել շատ ներկայացվում են եվրոպական երկրներում, քան Հայաստանում:
Նկարչի խոսքով՝ այս տարի Հայաստանին Վեենետիկի բիենալեի գլխավոր մրցանակը միանգամից չտրվեց: Ըստ Արարատ Սարգսյանի՝ այս տարվա հաղթանակն հասցրեց նախորդ տարիների աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրն իրենց ժամանակներում ինչ-որ խնդիրներ են լուծել հաղթանակի հասնելու համար:
Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան