▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զառա Սահակյանը պատասխանում է «Խոպանի տեսությանը» ուղղված քննադատություններին

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն երկու օր է, ինչ համացանցում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել օգտատերերից մեկի բաց նամակը՝ ուղղված «Շանթ» հեռուստաընկերությանը, որում գրված է.

«Բաց նամակ «Շանթ» TV-ին. հանե՛ք եթերից «Խոպանի տեսություն» կոչվող ցնդաբանությունը: Հայաստանյան հեռուստաեթերի խնդիրների մասին կարելի է գրքեր գրել, բայց ոչ դասեր տալու, ոչ էլ բարոյականություն քարոզելու նպատակ չհետապնդելով, պարզապես ուզում եմ խնդրել «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը եթերից հանել «Խոպանի տեսություն» կոչվող ցնդաբանությունը: Վստահ եմ, որ խնդրանքիս կմիանան մի շարք ծնողները, ովքեր ևս չեն ցանկանում, որ իրենց երեխաներն այդ անճաշակության և մարտնչող տգիտության մասն ու կրողը դառնան: Որպեսզի կարծիքս հիմնավոր լինի և ասածս մերկապարանոց հայտարարություն չթվա, ես, անմարդկային ջանքեր գործադրելով, դիտել եմ այդ ենթադրյալ սիթքոմի տասից ավելի սերիա, որն էլ նամակիս հրապարակման պատճառ դարձավ: 

Եվ այսպես՝ «Խոպանի տեսությունը» սիթքոմ է երկու եղբայրների կանանց անվերջ հակամարտության մասին, սկեսուրի հանդեպ ունեցած զզվանքի, հավի ուղեղ ունեցող հասուն աղջիկների, հարբեցող, ընտանիքից մշտապես բենզինի գումար մուրացող երիտասարդ տղայի, փողոցային փեսայի մասին, ով պպզում է անգամ անկողնու ու աթոռի վրա, փոքրիկ աղջկա, ով գումար վաստակելու համար անգամ «հոգին կվաճառի սատանային» և, վերջապես, խոպան մեկնած, այնտեղ իրենց անձնական կյանքը դասավորած և ընտանիքի մասին մոռացած տղամարդկանց մասին: Ընտանիք, որտեղ միակ արժեքը փողն է: Եվ այս ամբողջ հիմարությունը համեմված է տափակագույն, կենցաղայինից մի քանի աստիճան ցածր հումորով: 

Այս սիթքոմի սերիաներից մեկում «քցում» էին Հայաստան ժամանակ սփյուռքահայերին, շահագործում էին գյուղից քաղաք եկած բարեկամուհուն՝ տանից դուրս չվռնդելու դիմաց ստիպելով տնային գործերով զբաղվել, երգի ուսուցիչ հարսը «քցում» է իրեն վոկալի դասերի դիմաց վճարած աշակերտին, երիտասարդ տղան հորեղբոյր կնոջ սենյակից գումար էր գողանում... այսպես շարունակ: Խնայելով մարդկանց նյարդերն՝ այլևս չեմ շարունակում թվարկել շարքը:
Եվս մեկ անգամ խնդրում եմ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել այս սիթքոմի եթեր հեռարձակելու հարցը կամ դրա նշաձողը բարձրացնել»:

Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է «Խոպանի տեսության» գործող դերասանուհիներից մեկի՝ Զառա Սահակյանի հետ, ով  պատասխանեց.

«Ինձ համար այդ խոսակցությունները շատ անլուրջ են եւ այնպես չէ, որ նման մեկ, երկու մարդկանց կարծիքով մի նախագիծ պետք է բացվի կամ փակվի: Միայն կարող եմ ասել, որ մեր օրերում համատարած տարբեր սիթքոմներ են նկարահանվում տարբեր հեռուստաընկերություններով եւ ոչ մի նման նախագծի կազմակերպիչներ չեն կարող ասել, թե իրենք դաստիարակչական միտումներով են այդ սիթքոմները հեռարձակում, առավել եւս այն պարագայում, երբ գրեթե բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ է կոմերցիա հասկացությունը: Այսօր շատ լավ ժամանակներում ենք ապրում, ունենք շատ հեշտ այլընտրանք, ուղղակի փոխում ենք հեռուստաալիքը: Իհարկե, ես կողմ չեմ, որ երեխաները սիթքոմ դիտեն, բայց դա էլ արդեն ծնողների գործն է, ծնողը պետք է որոշի իր երեխան մուլտֆիլմ, ներկայացում, թե սիթքոմ դիտի: Սիթքոմը ժամանացային ձեւաչափի աշխատանք է, որը նախատեսված չէ երեխաների համար, սրանցով ոչ մեկին դաստիրակաելու նպատակ չկա, այստեղ գրոտեսքային կերպարներով կարող են ծաղրվել հերոսներ, որոնց նմանները իրականում երեւի թե չկան էլ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее