▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր երիտասարդ կամ երեխա շանս ունի խաղալու որևէ սերիայում.1-ին անգամ Հայաստանում WEB սերիալ է նկարահանվում

Հայաստանում նկարահանվել է առաջին WEB սերիալը, որը կոչվում է «5 պլյուս»: Թեև դեռ հրապարակվել է առաջին 2 սերիան, այնուամենայնիվ, այն մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդության շրջանում: Asekose.am-ըզրուցել է «5պլյուս» սերիալի սցենարիստ և պրոդյուսեր Արփի Վանյանի հետ, ով պատասխանել է մեր հարցերին:

Ինչպե՞ս է եղել  Հայաստանում առաջին WEB սերիալը նկարահանելու նախաձեռնությունը:

Վեբ սերիալ  նկարահանելու միտքն ինձ երկար ժամանակ հանգիստ չէր տալիս, իսկ քանի որ ես բնավորությամբ նպատակասլաց մարդ եմ և դժվարություններից էլ չեմ վախենում, ավելին ասեմ՝ դրանցից ավելի եմ ուժեղանում (ժպտում է), որոշեցի կյանքի կոչել   ինձ «տանջող» գաղափարը: Իսկ նման միտք մոտս առաջացել է  11-ամյա աղջկաս հետաքրքրություններին հետևելու արդյունքում: Նա, նրա հասակակիցները, երիտասարդները, ինչ մեղքս թաքցնեմ, նաև ես՝ գրեթե հեռուստացույց չենք  դիտում և  ցանկացած ինֆորմացիա ստանում ենք համացանցից: Նրանք համացանցում տասնյակ բլոգերի են հետևում,  սերիալներ դիտում, մրցույթների մասնակցում: Սկսեցի ուսումնասիրել ու հասկացա, որ հիմա ամբողջ աշխարհը համացանցի տիրույթի համար սերիալներ է նկարահանում, իսկ Հայաստանում դեռ չկա. որոշեցի, որ դա էլ ես պիտի անեմ: Ու քանի որ մի ձեռքը ծափ չի տալիս, ապա փառք տալով Աստծուն, պետք է ասեմ, որ շուրջս հավաքվել են   ոչ միայն պրոֆեսիոնալ , այլև շատ լավ մարդիկ, ովքեր ևս ոգևորված են, վարակված են այս գաղափարով: Նախագծի ռեժիսոր Գրիգոր Դավթյան,  հայտնի դերասաններ Արմեն Թադևոսան, Գայանե Մկրտչյան, ԳՌԱՖՍԵՐ, տաղանդավոր ու աշխատասեր փոքրիկներ ու երիտասարդներ, հմուտ օպերատորական կազմ, լավ մոնտաժիստներ… Մի խոսքով ամեն մեկն անփոխարինելի է իր գործում: 

Ինչո՞վ եք փորձել այն յուրօրինակ դարձնել, որպեսզի նման չլինի այսօրվա հեռուստաեթերի բազում սերիալներին:

Այ,  որ «5 պլյուսը» ցուցադրվում է միայն յութուբով, սերիաների երկարությունը 10 րոպե է և  դրանք կարել են նայել և՛ տրանսպորտի մեջ, և՛  դասամիջոցին, և՛ ինչ որ տեղ շտապելիս՝ արդեն յուրօրինակություն է:  Բայց միայն այդքանը չէ, մենք շատ մոտ ենք կանգնած  մեր  հանդիսատեսին, և յուրաքանչյուր երիտասարդ կամ երեխա շանս ունի խաղալու սերիալի որևէ սերիայում:  Դրա համար կազմակերպվում են տարբեր մրցույթներ, քվեարկություններ,  խաղեր: Պարզապես պետք է ակտիվ լինեն, միանան մեր յութուբյան ալիքին, ֆեյսբուքյան ու ինստագրամի էջերին և հետևեն հայտարարվող մրցույթներին,ակտիվորեն մասնակցեն և իրականացնեն՝  նկարահանման հրապարակ մտնելու իրենց երազանքը:

Ինչի՞ մասին է  «5+ »սերիալը, ի՞նչ է խոստանում իր դիտողներին: Մի փոքր մանրամասնեք :

Այս սերիալը իմ,  Ձեր, նրա, մյուսի, բոլորիս մասին է, նրանց, ովքեր  ապրում են մեր շուրջը, ովքեր երազում են, սիրահարվում, հիասթափվում, ովքեր պայքարում են կյանքում իրենց տեղը գտնելու համար, ովքեր վախենում են պայքարելուց, ովքեր ուժեղ են և կարողանում են դիմանալ ամեն հարվածի և նրանց , ովքեր կոտրվում են կյանքի հարվածներից: Սերիալը հումորային է, բաց դա չի նշանակում, որ այն պարզապես ծիծաղ առաջացնելու համար է նկարահանվում՝ ոչ: Ծիծաղի, ժպիտի միջոցով խոսվելու են  նաև սոցիալական  ցավոտ թեմաների՝ ուսման վարձի, գործազրկության, խոպանի, ապրուստի միջոցի և այլնի մասին:

Գիտեմ, որ դերասանական կազմում կան նոր դեմքեր: Ի՞նչ նախադրյալներով է ընտրվել դերասանական կազմը:

Ես երկար տարիներ  որպես սցենարիստ համագործակցում եմ Արմենիա հեռուստաընկերության հետ, մի շարք հեռուստասերիալների սցենարի հեղինակ եմ և մոտիկից գիտեմ, ճանաչում եմ շատ դերասանների, շատերի հետ  ընկերական հարաբերություններ ունեմ, այսինքն` այս բնագավառի մարդկանց անձամբ եմ ճանաչում: Երբ ստեղծում  էի կերպարները, հենց նրանց տեսա որպես այս կամ այն կերպարի  դերակատար: Բայց մենք դեռ էլի կունենանք հայտնի դերասաններ, որոնց ճանաչում ու սիրում է մեր հանդիսատեսը:

Հե՞շտ է աշխատել սկսնակ դերասանների հետ:

Եթե անգամ մի քիչ դժվարություններ կան, նրանք այնքան տաղանդավոր ու պոզիտիվ են, որ այդ դժվարությունները չես նկատում: էներգիայով, լավատեսությամբ, խենթությամբ լի մարդիկ են, այդպիսինների հետ կարելի է երկար քայլել ու երբեք չհոգնել:

Գիտեմ, որ արդեն սերիալի 1-2  սերիան հայտնվել է համացանցում: Ինչպիսի՞ն են եղել արձագանքները:

Արձագանքները դրական են, ու դա ոգևորիչ է: Մարդիկ հասկանում են, որ դժվար գործ ենք անում, որ մեր մեջքի հետևում չունենք հեռուստաալիք, որն  աշխարհով մեկ կգովազդի մեր նախագիծը, բայց փոխարենը ունենք լավ թիմ և հարյուր հազարավոր երիտասարդ հանդիսատես, ովքեր մեր կողքին են, ովքեր միանում են մեզ,  ցանկություն հայտնում ոչ միայն մասնակցելու, նկարահանվելու, այլ նաև օգնելու աշխատանքներին: Սա հիանալի է ու նման է հրաշքի:

Առաջարկում ենք դիտել սերիալի առաջին 2 սերիաները:

 

 

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее