Blognews.am-ը գրում է.
«Աբելի քույրը» հեռուստասերիալի դերասանուհի Յուլյա Ֆինկն այս փուլում դերասանական կարիերային զուգահեռ ոչ միայն «Բարի լույս, հայեր» ծրագրի «Խոհանոցն» է վարում, այլև օր օրի զարգացնում է իր հոբբին, որն է՝ զարդեր պատրաստելը։ Հենց այս մասին էլ կայքը զրուցել է դերասանուհու հետ։
Յուլյայի հոբբին վաղուց դարձել է մշտական զբաղմունք, ինչ-որ չափով նույնիսկ եկամուտի աղբյուր։ Այս հարցում նրան շատ է օգնում ամուսինը՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանը։
«Երկար տարիներ է, ինչ զարդեր պարաստելն ինձ համար հոբբի է։ Երևի մոտ 8 տարի առաջ պատրաստում էի զարդեր, հետո թողեցի այդ զբաղմունքը, մոտ 3 տարի առաջ վերսկսեցի։ Սկզբնական փուլում ինձ համար սիրողական զբաղմունք էր զարդեր պատրաստելը, շատ էի սիրում այդ գործընթացը։ Ընկերուհիներս խորհուրդ տվեցին ցուցադրել աշխատանքներս։ Հենց նրանց շնորհիվ էլ զարդերս տարածում գտան և հայտնվեցին մարդիկ, ովքեր ցանկացան գնել դրանք։ Նրանց շրջանակը դեռևս նեղ է, քանի որ ընկերուհիներիս շնորհիվ զարդերս տարածվում են մեր ծանոթների շրջանում»,- ասաց Յուլյան։
Դերասանուհին հոբբին եկամտի աղբյուր դարձնելու նպատակ էլ ունի․ «Դեռ մտածում եմ՝ ինչպես և որտեղ ավելի ճիշտ կլինի կազմակերպել դա»։ Ըստ նրա՝ իր զարդերի գները հասանելի են մարդկանց համար։
Յուլյայի փոքրիկ հավաքածուների անվանումներն ուղիղ կապ ունեն թատրոնի հետ՝ «Հազար ու մի գիշեր», «Բրոշներ՝ Մակբեթ», «Անժելիկան և թագավորը» և այլն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում