2017 թվականին հաճախ ասուլիսներ տվող քաղաքական, մշակութային ոլորտի գործիչներն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին 2017 թվականը:
Լեզվաբան Նարինե Դիլբարանը կարևոր համարեց նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրած ասոցացման համաձայնագիրը:
«Եվրամիության հետ համագործակցելը շատ կարևոր է: Ինձ ոգևորեցին նաև բանակ գնալու համար իրենց իրավունքը պաշտպանող երիտասարդները: Կարծում եմ՝ համալսարանն ավարտած երեխաները բանակում ծառայելով, ավելի մեծ օգուտ կբերեն հայրենիքին»,-նշեց Նարինե Դիլբարանը:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը դժվարացավ տարվա ուրախ ու լավ իրադարձությունը հիշել:
«ԵԱՏՄ-ն դեռևս չի հեռացել, բայց ապահարզանը սկսված է, որի հիմքը դրվեց Եվրոպայի հետ մեր հարաբերությունների լավացմամբ»,-ասաց նա:
Գուրգեն Եղիազարյանը հաջողություն համարեց ՀՀԿ-ի թմբիրից դուրս գալը:
«Հասկացանք, որ Գլուլնազ տատի ապահով Հայաստանում չենք»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը մեր տխուր կյանքի տխուր թվաբանության մեջ լավ համարեց շատ վատ լուր չլսելը:
«Յոլլա գնալ.սա ամոթալի մի վիճակ է, որին դատապարտված է մեր ժողովուրդը: Պետք է այնպես անենք, որ արտագաղթը դադարի, տնտեսական աճ գրանցենք, գործարաններ բացենք»,-նկատեց Դավիթ Գասպարյանը:
Անի Կարապետյան


