Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Սպառողների իրավունքներն են՝ անվտանգությունը, տեղեկատվություն ստանալը, լսված լինելը, ընտրությունը, վնասների փոխհատուցումը և այլն:
«Մենք հասել ենք նրան, որ այսօրվա դրությամբ արտադրված հացի 10-15 տոկոսը մակնշվում է: 4-5 տարի առաջ այդպես չէր: Կաթնամթերքի 95 տոկոսը տեղական արտադրության է ու օր օրի նորերն են ի հայտ գալիս: Ցավոք, 1-2 խոշոր արտադրող չոր կաթով է արտադրում կաթնամթերք, բայց զլանում է գրել այդ մասին: Տեղական արտադրության է նաև մսամթերքի 95 տոկոսը: Սակայն այս պարագայում հումքը դրսից է:
Հայաստանում է արտադրվում նաև թռչնամիսը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Ռուբեն Հայթայանը՝ շարունակելով.
«Վերջերս քաղաքացիներից մեկը բողոքել էր, որ գնած կոշիկը հետ չեն ընդունում: Նրա հետ միասին գնացինք «Սուրմալու» տոնավաճառ՝ անմիջապես հետ վերցրին»:
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Ռուբեն Հայթայանը հորդորում է՝ ուշադիր լինել, իմանալ, որ 14-օրյա ժամկետում կարող եք վերդարձնել ապրանքը՝ նույն տեսքով, առանց վնասների, խստապահանջ լինել ժամկետի, մակնշման, որակի դեպքում:
Անի Կարապետյան


