5 խորհուրդ սննդաբան-բժիշկներից
Սննդաբան-մասնագետների  հավաստմամբ` այս խորհուրդներին պետք է հետևեն բոլորը` և՛ նիհարել  ցանկացողները, և՛ նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին:
1.  Սնվել պետք է հաճախակի, սակայն քիչ-քիչ: Երբեք մի հրաժարվեք նախաճաշից,  ճաշից և ընթրիքից: Հաճախ, բայց փոքր չափաբաժիններով սնվելով` կնպաստեք  նյութափոխանակության կարգավորմանը, կխուսափեք ճարպային կուտակումներից:
2.  Սննդակարգը պետք է բազմազան լինի. պետք է լինեն և՛ ախծաջրեր, և՛  սպիտակուցներ, և՛ ճարպեր: Այնուամենայնիվ, նախապատվությունը տվեք մրգերին և  բանջարեղենին, որոնք հարուստ են նաև վիտամիններով, բջջանյութով, անհրաժեշտ  միկրոտարրերով և հանքանյութերով:
3. Մի չարաշահեք կենդանական ճարպերը, քաղցրեղենը, շաքարն ու աղը, ալկոհոլը:
4. Հրաժարվեք գազավորված քաղցր ըմպելիքներից:
5. Պահպանեք հեղուկի ընդունման օրվա չափաբաժինը` օրը 2 լ (ջուր, բնական թարմ հյութեր, ապուրներ, թեյ, 1-2 բաժակ սուրճ և այլն):
Ինչպես նիհարել` առանց քաղցած մնալու
Նիհարել  ցանկացողներին ամենից շատ հուզող հարցերից մեկն է` ինչ ուտել, որպեսզի  ավելորդ կիլոգրամներ «չկուտակվեն»: Մեկընդմիշտ պետք է հիշել. գեղեցիկ  կազմվածք ունենալու համար չպետք է հոգ տանել միայն «ինչ ուտել» և «ինչ  չուտելու» մասին: Շատ ավելի արդյունավետ և առողջության համար օգտակար է,  երբ միաժամանակ նաև մարմնամարզությամբ են զբաղվում: Շատերը նիհարելու  անզուսպ ցանկությունից դրդված` օրեր շարունակ քաղցած են մնում և չեն  պատկերացնում, որ մեծ հարվածի տակ են դնում իրենց առողջությունը: Քաղցած  մնալն անթույլատրելի է: Պարզապես փոխեք սննդակարգը` պահպանելով առողջ  ապրելակերպի հիմնական կանոնները` չափազանց յուղալի մսեղենը փոխարինեք  թռչնամսով և ձկնեղենով, գազավորված քաղցր ըմպեիքները` թարմ քամած  հյութերով, սպիտակ հացը` սև հացատեսակներով, բացի այդ` մրգեր և թարմ  բանջարեղեն հնարավորինս հաճախ կերեք, օրը 1,5-2 լիտր հեղուկ խմեք (ցանկալի  է` ջուր, կանաչ թեյ, թարմ մրգահյութեր, կանաչեղենով ապուրներ), ալկոհոլը,  աղն ու շաքարը մի չարաշահեք, հրաժարվեք չիփսերից, պահածոյացված մթերքներից,  կիսաֆաբրիկատներից: Եվ զբաղվեք սպորտով:
Ինչպես նիհարել հաճույքով
Նիհարել  ցանկացողները պետք է զգույշ լինեն դիետա ընտրելիս: Երկարատև կիսաքաղց  վիճակը սթրես է օրգանիզմի համար, այդ պատճառով էլ դիետաները նախ և առաջ  անդրադառնում են նյարդային համակարգի վրա (տրամադրության անկումներ,  ընկճվածություն, գերլարվածություն և այլն): Հետևաբար, դիետան պետք է ոչ  միայն նպաստի քաշի նվազեցմանը, այլև ապահովի լավ ինքնազգացողությամբ:  Գոյություն ունեն փոքրիկ խորամանկություններ, որոնք կօգնեն դիետա պահելու  ընթացքում չփչացնել տրամադրությունը: 
Եթե  օրգանիզմը քաղցր է պահանջում, կարող եք մի կտոր դառը շոկոլադ կամ մի քանի  հատ խուրմա ուտել: Դրանք շատ քաղցր են, միևնույն ժամանակ չեն գիրացնում: Չի  կարելի օրգանիզմն իսպառ զրկել քաղցրեղենից, չէ՞ որ դրանք ածխաջրեր են  պարունակում, որոնք էլ «սնում» են էներգիայով և առույգությամբ: Բացի այդ,  հայտնի է, որ չափավոր քանակությամբ շոկոլադը բարձրացնում է  տրամադրությունը:
Պետք չէ  մոռանալ նաև համեմունքների մասին. դրանք համուհոտ են տալիս  կերակրատեսակներին և չեն գիրացնում: Տրամադրությունը բարձրացնելու համար  կարևոր է նաև կերակրի մատուցումը: Բացի այդ, գեղեցիկ մատուցված ուտեստն  ավելի հեշտությամբ է մարսվում:
Մի նյարդայնացեք և չեք գիրանա
Նյարդայնացացած  վիճակում մարդն ավելի շատ է ուտում, քան հոգեպես հանգիստ վիճակում: Սա  անխուսափելիորեն բերում է գիրացման և ճարպակալման: Բանն այն է, որ ուտելիս  ակտիվանում է հաճույքի կենտրոնը, և օրգանիզմում ավելանում է սերոտոնին  հորմոնի քանակը: Ինչպես հայտնի է, այդ հորմոնն է մարդուն պաշտպանում սթրեսի  բացասական ազդեցությունից: Ահա այսպես էլ սնունդը դառնում է սթրեսների  հաղթահարման յուրօրինակ ձև, և աննկատ սկսում են կուտակվել անցանկալի  կիլոգրամները: Սթրեսները յուրահատուկ կերպով ազդում են ֆերմենտների վրա`  չթողնելով ճարպերի քայքայումը: Դրանք էլ կուտակվում են` դառնալով ավելորդ  քաշի պատճառ:
Մասնագետները  խորհուրդ են տալիս նյարդայնացած վիճակում չուտել, քանի որ այդ ընթացքում  ընդունած սնունդը 1,5-2 անգամ ավելի է մեծացնում ճարպակալման  հավանականությունը:
Եվս երկու խորհուրդ` նիհարել ցանկացողներին
Թեյ`  բեռնաթափման օրերին: Շաբաթվա մեջ ընդամենը մեկ բեռնաթափման օրը ամսվա  ընթացքում կարող է մինչև 5 կգ նիհարեցնել: Այդպիսի օրերին քաղցն ու ծարավը  լավ կլինի հագեցնել հատուկ թեյով: Դրա պատրաստման համար 1 լ ջրին պետք է  ավելացնել 1 ճաշի գդալ սև թեյ և 1 լ տաք կաթ, թողնել 30 րոպե, խմել  բեռնաթափման օրվա ընթացքում:
Նախապատրաստվեք  դիետային: Եթե որոշել եք դիետա պահել, պետք է օրգանիզմը նախապտաստել դրան:  Դա պետք է սկսել դիետա սկսելուց 1 շաբաթ առաջ: Նախ փորձեք ավելի քիչ  սուրճ, թեյ, գազավորված ըմպելիքներ խմել, սահմանափակեք աղի, շաքարավազի  օգտագործումը, խոզի և հորթի միս, մակարոնեղեն, շիլաներ, հաց քիչ  օգտագործեք: Սնվեք գլխավորապես բանջարեղենով, մրգերով, նախապատվությունը  տվեք հանքային ջրերին, աշխատեք օրվա ընթացքում 2 լիտր հեղուկ օգտագործել:  Այսպիսի նախապատրաստումից հետո կարող եք սկսել դիետա պահել. օրգանիզմին  ավելի հեշտությամբ կհարմարվի նոր սննդակարգին, և դուք էլ անհամեմատ  թեթևությամբ կհաղթահարեք դիետայի «դաժան» կանոնները:
Աղբյուր` erkusov.com 
      

