▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խելացի Երևան». նորարարական ցուցահանդես՝ Կասկադում

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով այս տարի առաջին անգամ կազմակերպվել է «Խելացի Երևան» նորարարական ցուցահանդես, որի շրջանակում Երևանի ու ՀՀ տարբեր մարզերի տաղանդավոր մի շարք երեխաներ հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց մտահղացումները:

Կասկադ համալիրի տարածքում բացված ցուցահանդեսում ներկայացվել են Արմաթ ինժեներական լաբորատորիաների կողմից իրագործվող կրթական ծրագրի շրջանակում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագրի արդյունքում երեխաների կողմից պատրաստած ու ծրագրավորած ռոբոտները: Ցուցահանդեսում ներկայացվել են նաև եռաչափ մոդելավորված և տպագրված բազմաթիվ իրեր, շաղափային հաստոցով փորագրված նմուշներ, երեխաների կողմից ստեղծված համակարգչային խաղեր, վիրտուալ ակնոցներ և ինովացիոն այլ լուծումներ:

Նշենք, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում վերջին տարիներին ստեղծվել են մի շարք հաջողված ծրագրեր, ինչը վստահություն է ներշնչում, որ Երևանն այս ոլորտում կարող է դառնալ միջազգային առաջատար քաղաքներից մեկը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետի կողմից ստեղծվել է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով, որի նպատակը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում և քաղաքային ենթակառուցվածքների զարգացում ապահովելն է, այլ կերպ ասած` Երևանն աշխարհի խելացի քաղաքներից մեկը դարձնելը:

Պատանի նորարարներն ընդգծել են, որ ոգևորված են «Երևան՝ խելացի քաղաք» նախաձեռնությամբ, և հույս են հայտնել, որ իրենց մտաղհացումները ևս կնպաստեն գաղափարի իրագործմանը: «Խելացի Երևան» ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները հաճելիորեն զարմացրել են նորարարությունների հետաքրքրասերներին ու մասնագետներին և Երևանը ցույց են տվել նորարարական տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее