Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ավագ շաբաթը, որը 48-օրյա Մեծ պահքի վերջին շաբաթն է: Ավագ շաբաթն ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի կնշվի ապրիլի 16-ին:
Բանահավաք Սոնյա Թաշչյանի խոսքով՝ այս օրը հենց այնպես ոչինչ չեն պատրաստել.
«Սեղանին դրվում են այն բոլոր ճաշատեսակները, որոնք Մեծ պահքի ընթացքում չեն ճաշակել: Դրանից է բրնձով և չամիչով քաղցր փլավը: Քանի որ բրինձը մեր տարածաշրջանում հազվագյուտ մթերք է եղել, տոնական օրերին օգտագործել են: Բրինձը կլոր ամանի մեջ են դրել, որը խորհրդանշել է տիեզերքը: Չրերի առկայությունն էլ կապված է եղել գարնանամուտի հետ: Չենք մոռանում նաև ձկան և կարմիր գինու մասին: Կարևոր է նաև տարբեր բանջարեղենների առկայությունը: Զատկի գլխավոր ճաշատեսակը համարվել է ձուն: Արևմտյան Հայաստանի շրջաններում տապակած կանաչու հետ կա նաև տվյալ բանջարով մածուն-սխտորը:
Որոշ շրջաններում սպաս են պատրաստել, որոշներում՝ խաշլամա: Սա եղել է ամբողջ գյուղի մասնակցությամբ: Ոչխարը եղել է բոլորի նվիրատվությունը»:
Անի Կարապետյան


