▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաբեություն է դա, որով իրենք իրենց են խաբում. Շուշան Երիցյանը՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը վերջին շրջանում իր ֆեյսբուքյան էջում ակտիվորեն կոչ է անում բոլորին միանալ էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ պայքարին: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց վերջինիս հետ` պարզելու, թե նա որպես ՀՀ քաղաքացի ինչ է կարծում՝ արդյոք այս ամենը կպսակվի հաջողությամբ և թե արդյո՞ք անձամբ ներկա է գտնվում Բաղրամյան պողոտայում արդեն 5 օր շարունակ տևող ցույցերին:

«Այո, իհարկե մասնակցում  եմ պայքարին և հանրահավաքներին նույնպես գնում: Ճիշտ է, շատերը կարծում են, որ հայտնի մարդիկ, ներկա գտնվելով ցույցերին, պարզապես PR քայլ են անում իրենց համար, սակայն ինքս կարծում եմ, որ դա ունի իր դրական կողմը: Հայտնի մարդն ավելի շատ հետևորդներ և լսարան ունի, ինչն ավելի է նպաստում այդ հանրահավաքներին մարդկանց ավելացմանը»:

Այն դիտարկմանը, թե արդյո՞ք Շուշանն իր իսկ նշած տարբերակով է կոչ անում իր հետևորդներին միանալ այդ պայքարին, և արդյո՞ք չկան հայտնիներ, ովքեր, այնուամենայնիվ, այս տարբերակով փորձում են աչքի ընկնել, իրենց մասին հիշեցնելու ու գովազդվել, դերասանուհին ասաց.

«Այո, ես նույնպես լուսանկարվում եմ, տեսանյութեր եմ տեղադրում ու կոչ անում, որ միասնական լինենք և շարունակենք պայքարել մինչև վերջ: Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, ասեմ, որ հայտնիները նույնպես մարդիկ են և նրանց մեջ էլ, իրականում, շատ կան ֆինանսապես ոչ ապահով մարդիկ, ովքեր նույնպես անհանգստանում են այդ հարցով: Չեմ կարծում, որ նրանք դա իրենց համար պետք է օգտագործեն որպես PR-ի միջոց: Իհարկե, չեմ ողջունում այն մարդկանց, ովքեր դա անում են սեփական շահերին ծառայեցնելու նպատակով: Ես չեմ ընդունում այն, որ 5 րոպեով կարող են գնալ, բավականաչափ լուսանկարվել և ամեն օր, թարմ լուսանկարներ տեղադրելով, հավատացնել, որ իրենք էլ են պայքարում: Խաբեություն է դա, որով իրենք իրենց են խաբում»:

Այն հարցին, թե ըստ իրեն՝ հնարավո՞ր է այս տարբերակով որևէ արդյունքի հասնել, Շուշանն ասաց.

«Ես կարծում եմ, որ արդեն հասել ենք արդյունքի, քանի որ նման միասնականությունն ու մենթալիտետի փոփոխությունն արդեն իսկ առաջընթաց է: Մենք ունենք արդեն փորձ, որում գրանցել ենք հաղթանակ, և, կարծում եմ, որ այս անգամ նույնպես մեզ մոտ ամեն բան ստացվելու է, քանի որ հիմա ավելի ուժեղ ենք և միասնական: Ես կոչ եմ անում բոլորին չկոտրվել, ավելի միասնական լինել ու հավատալ, որ մենք ենք մեր երկրի տերը ու կարող ենք ամեն ինչի հասնել: Տեսնելով այս սերնդին՝ պարզապես հպարտանում եմ և վստահ եմ, որ մեզ հզոր ապագա է սպասվում»,- Asekose.am-ի թղթակցի հետ իր խոսքն ավարտեց մոդել Շուշան Երիցյանը:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее