1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Վալերի Թումասյանի գործի դատական քննությունը:
50-ամյա Վալերի Թումասյանը մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Սպանվածը Վալերիի հայրն էր՝ 80-ն անց Ալավերդի Թումասյանը:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 20-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Հալաբյան փողոցի իրենց բնակարանում Վալերին վիճել է հոր հետ, որի ընթացքում բռունցքներով մի քանի անգամ հարվածել է հոր դեմքին ու գլխին, ապա ձեռքերով «սխմել է վիզը»՝ առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն:
Դեպքից անմիջապես հետո Վալերին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տվել հոր մահվան մասին՝ ասել է, թե հայրն ընկել, վնասվածքներ է ստացել ընկնելու հետևանքով ու մահացել է:
Դեպքի հաջորդ օրը Վալերի Թումասյանը դիմում է ներկայացրել քննչական բաժին՝ պնդելով, թե ականատես է եղել՝ ինչպես է հայրը ննջասենյակում քայլելիս վայր ընկել մահճակալի վրա, գլխով բախվել է մահճակալի փայտե սուր հատվածին, սկսել է արյունահոսել, աչքն էլ կապտել է:
Սակայն հուլիսի 22-ին ստացվել է դատաբժշկի տեղեկանքը, ըստ որի՝ մահացածի մոտ ախտորոշվել է «Գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում: Մեխանիկական շնչահեղձություն: Գլխուղեղի և պարանոցի փակ բութ վնասվածք: Գլխի, դեմքի, պարանոցի փափուկ հյուսվածքների արյունազեղումներ, գլխուղեղի արյունազեղում, ողնուղեղի արյունազեղում, ողնաշարի կրծքային առաջին ողի կոտրվածք, ձախից՝ վահանաճառի եղջյուրի կոտրվածք՝ շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղմամբ»:
Ակնհայտ էր, որ տուժողի մահը բռնության հետևանք է:
Վալերի Թումասյանը բերման է ենթարկվել, տվել է խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննության ժամանակ և դատարանում Վալերի Թումասյանն իրեն մեղավոր է ճանաչել:
Նախաքննության ընթացքում Վալերին հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 20-ին, ինքը Ռուսաստան մեկնող ավտոբուսի տոմս է գնել՝ պետք է մեկներ Սոչի: Այնուհետև խմել է երկու շիշ գարեջուր, բայց չի հարբել, եղել է սթափ, ադեկվատ վիճակում:
Ժամը 23-ի սահմաններում տուն է գնացել: Ռուսաստանի տոմսի հետ կապված՝ հայրը զայրացել է իր վրա, պահանջել է վերադարձնել փողի մնացորդը ու ջղայնացրել է իրեն: Ինքը չի կարողացել իրեն տիրապետել ու բռունցքով մեկ անգամ հարվածել է հոր դեմքին: Վիճաբանությունը ննջարանում է ընթացել, իր հարվածից հայրն ընկել է մահճակալին: Ինքը բռունցքով մի քանի անգամ էլ հարվածել է հոր գլխին, հետո ձեռքերով սեղմել է նրա պարանոցը: Ինքը ցանկանում էր այնպես անել, որ անընդհատ խոսող հայրը չխոսի, նրա խոսքերը, ձայնը ջղայնացնում էին իրեն: Հոր պարանոցը սեղմել է այնքան, մինչև լսել է, որ հայրը խռխռացնում է: Բաց է թողել, սակայն հայրն արդեն անգիտակից վիճակում էր: Մոր հետ փորձել է հորն ուշքի բերել, բայց չի կարողացել: Մայրը ստուգել ու համոզվել է, որ Ալավերդին մահացել է: Նա ահազանգել է շտապօգնություն:
Վալերին հայտնել է, որ վերջին շրջանում մեծ մասամբ ապրել է Պյատիգորսկում, շինարարական աշխատանքներ է կատարել: Պյատիգորսկում նաև դատվել է գողության համար, երկու տարի պատիժ է կրել: Հայաստան է եկել 2013 թվականի նոյեմբերին:
Վալերին ասել է, թե հայրն ու մայրը վատառողջ էին, հայրն ընդհանրապես դժվարանում էր քայլել, ինքն ու մայրը խնամում էին նրան:
Դեպքի պահին հոր ձայնն ու խոսքերը, նրա արտահայտություններն են իրեն սաստիկ ջղայնացրել, սկսել է հարվածել հորը, հետո սեղմել է պարանոցը, որ նա վերջապես… սուս մնա: Երբ տեսել է, որ հայրն անգիտակից է, մորն ասել է, որ ջուր բերի, բայց արդեն չի կարողացել հորն ուշքի բերել: Տեսել է, որ հոր ականջից արյուն է գալիս: Մայրն ասել է, որ նա մահացել է:
Վալերին նշել է, թե դեպքից անմիջապես հետո ինքը չի ցանկացել ճշմարտությունն ասել. «Մտածում էի՝ չեք հասկանա՝ ինչից է մահացել…»,- պարզամտորեն պատճառաբանել է Վալերին:
Նա ասել է, որ Ռուսաստան մեկնող ավտոբուսի տոմսը գնել էր մոր տված փողով: Մայրը 25 հազար դրամ էր տվել, ինքը տոմսն առել էր 20 հազար դրամով: Տոմսի արժեքի հետ կապված՝ հայրը սկսել է բորբոքվել, պահանջել է հինգ հազար դրամը ու իրեն վիրավորել է:
Վալերին հայտնել է, թե հոր մարմինը ինչպես ընկած էր մահճակալին, ինքն այդպես էլ թողել է, չի տեղաշարժել, իսկ միջանցքում եղած արնանման հետքերը չգիտի՝ ինչպես են առաջացել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


