Life.panorama.am-ը գրում է. «Ա Թի Վի» հեռուստաընկերությունը նոր հեռուստաֆիլմ է սկսում, որը շոշոափելու է շատ կարեւոր ու խնդրահարույց թեմա՝ թրաֆիքինգը: 25 մասանի «Դեպի վայրէջք» հեռուստասերիալում Սարգիս Գրիգորյանի, Գնել Սարգսյանի, Էվա Խաչատրյանի, Էվա Գրիգորյանի, ով Սարգիս Գրիգորյանի դուստրն է, Ալեքսանդրը Բաբասյանի, Աննա Էլբակյանի և այյլոց հետ միասին կնկարահանվի նաեւ երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը, ով եւ կայքի հետ զրույցում նոր աշխատանքի մասին մանրամասներ է հայտնել.
«Լսել էի ռեժիսոր եւ պրոդյուսեր Ելենա Արշակյանի աշխատանքների մասին, հենց այդ գործերով էլ, որպես ռեժիսոր, նա հետաքրքիր էր ինձ: Երբ ստացա այս նախագծում նկարահանվելու առաջարկ, սիրով համաձայնեցի, այնուհետեւ փորձնական աշխատանքից հետո հաստատվեցի եւ սկսեցինք աշխատել: Ելենա Արշակյանի հետ սա մեր առաջին համատեղ աշխատանքն է. կարծում եմ, որպես ռեժիսոր եւ դերասան, լավ կհասկանանք իրար»,- պատմեց Եվան եւ խոսեց նոր սերիալի սյուժետային զարգացումների մասին.
«Այս ֆիլմը մի պատմության մասին է, որն ինձ համար շատ օտար է: Խոսքը թրաֆիքինգի մասին է եւ բոլոր այն գործողությունների, որոնք տեղի են ունենում մեր քաղաքում, որոնց մասին մենք անտեղյակ ենք: Իմ հերոսուհին առանցքային կերպարներից մեկն է, ում շուրջ էլ կատարվում են հիմնական գործողությունները: Հենց իմ կերպարի միջոցով էլ բացվում է այդ գաղտնի պատմությունը»,- նշեց մեր զրուցակիցը:
Եվայի խոսքով՝ սերիալի նկարահանումներն արդեն սկսել են.
«Ես արդեն իսկ մեկ նկարահանման օր եմ ունեցել, որտեղ կարողացա ավելի աշխատանքային մթնոլորտում համագործակցել Ելենա Արշակյանի հետ, ով բավականին հետաքրքիր ռեժիսոր է եւ կարողանում է ճիշտ խնդիրներով հասցնել դերասանին ցանկացած հոգեվիճակի»,- հավելեց նա՝ նշելով, որ այս հեռուստաֆիլմը եթերում կլինի հունիսից:
Եվա Զոհրաբյանը նկատեց նաեւ, որ սերիալը ունի նպատակային մեսիջ.
«Այսօր վախը մարդկանց մեջ շատ-շատ է, վախը հենց խթան է հանդիսանում մարդկանց տարատեսակ գործողությունների համար: Իմ հերոսուհին էլ, այս կամ այն պատճառներից ելնելով, դիմանում է ու սեփական վախերի զոհը դառնում: Նա չի կարողանում կոնկրետ գործողություններ կատարել, որոնք ճակատագրական են դառնում իր համար: Կարծում եմ՝ այս ֆիլմից հետո մարդկնաց պատկերացումները կփոխվեն նման իրավիճակների մասին: Սա գուցե տարբեր հարցերի շուրջ մտածելու տեղիք տա, այն կոչ կանի մարդկանց լինել ավելի անվախ եւ ռիսկային»,- ընդգծեց դերասանուհին:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում