aysor.am-ը գրում է. Շուտով Շանթ հեռուստաընկերությունը կմեկնարկի «Խոպանի տեսություն» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը, որտեղ իր գլամուրային կեցվածքով առանձնանում էր Անաիս Սարդարյանի մարմնավորած հերոսուհին՝ Թինան: Կայքը կապ է հաստատել դերասանուհու հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք նոր եթերաշրջանում Թինան կշարունակի մնալ իր ոճում, թե՞ ի վերջո «խապանից» վերադարձած «հայրիկը», ում դերում հանդես է գալու դերասան Անդրանիկ Հարությունյանը, գլխիվայր կփոխի Թինայի առօրյան:
«Կարծում եմ, Թինան կմնա այնպիսին, ինչպիսին կա: Ներկայիս նկարահանումներից դատելով՝ հայրիկի տեսակն այնպիսին է, որ շատ բան Թինայի կյանքում չի փոխվի: Բայց փակագծերը չբացեմ, թող հեռուստադիտողի համար անակնկալ մնա»,-մանրամասնեց դերասանուհին:
Դիտարկմանը, թե նոր դերակատարների ներգրավվածությունը սիթքոմում որքանով է ընդունվել հնաբնակների կողմից և արդյոք մտերմիկ հարաբերությունները դերասանների մեջ շարունակվում են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ներգրավված դերասանները երկուսն են. Անդրանիկ Հարությունյանի հետ վաղուցվա ընկերներ ենք, միասին ենք աշխատում նաև «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ: Շատ ուրախացա, երբ իմացա, որ հայրիկիս կերպարն ինքն է մարմնավորելու: Ինչ վերաբերում է Իվետա Եդիգարյանին, մինչ այս շփում չենք ունեցել: Առաջին անգամ նույն տեսարանում երեկ հանդիպեցինք: Ըստ սցենարի, մեր կարպարներն իրենց մուտքը բախումով սկսեցին, բայց իրականում շատ հաճելի աղջիկ էր: Համոզված եմ, որ նրանք էլ կմերվեն մեր կոլեկտիվին, քանի որ շատ բան գալիս է մեր ռեժիսորից: Իսկ նա աշխարհի ամենադրական ռեժիսորներից է: Հավատացեք՝ կադրից դուրս գտնվող մարդիկ առավել մեծ դեր են խաղում, քան՝ դերասանները»:
Երեկ համացանցում էր հայտնվել նաև «Ո՞ր հայ հայտնի դերասանուհին չցանկացավ հետ մնալ և կրկնօրինակեց Քիմ Քարդաշյանի սանրվածքը» վերտառությամբ հրապարակումը, ինչին ի պատասխան Ա. Սարդարյանը ծիծաղելով ասաց. «Վառել է պետք այդ ստորության համար Անաիսին: Խոստանում եմ, այլևս «չկրկնօրինակել» ոչ մեկի մազերը: Երևի ստիպված լինեմ սափրել գլուխս, թեև դա էլ ինչ-որ մեկին կնմանեցնեն ու կրկնօրինակում կընդունեն»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում