Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է պրոֆեսիոնալ պարուհի Վարդուհի Ալեքսանյանի հետ, ով այս ընթացքում ապրում և աշխատում է ԱՄՆ-ում: Կայքի հետ զրույցում պարուհին պատմել է վերջերս Միացյալ նահանգներում բացված իր եւ հաղորդավարուհի Դինա Ավետիսյանի պարարվեստի դպրոցի, ապագա պլանների, կայացած կնոջ սանդղակին հասնելու իր գաղտնիքի եւ կարոտի հաղթահարման մասին:
Վարդուհի, արդեն բավական ժամանակ է, ինչ գտնվում եք ԱՄՆ-ում, ի՞նչ գործեր եքծավալում այդտեղ:
Վերջին տարիների ընթացքում հաճախակի էի լինում Միացյալ նահանգներում, բայց վերջին այցս եղավ ճակատագրական: Գաղափարը՝ ստեղծել պարարվեստի դպրոց, ունեի դեռ վաղուց: Իմ անձի և իմ գործունեության նկատմամբ շատ պատասխանատու մարդ եմ, հատկապես բացել և ղեկավարել պարարվեստի դպրոց մեծ պատասխանատվություն է երիտասարդ սերունդի նկատմամբ: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր մասնագետ նախ պետք է կայանա իր գործի մեջ, ստանա համապատասխան կրթություն, տիրապետի մարդու անատոմիական կառուցվածքին, անգամ աշակերտի հոգեբանությանը և նոր մտածի դպրոցի մասին: Տասնութ տարվա ընթացքում պարարվեստում ձեռքբերումներից հետո, թե որպես պարուհի և թե որպես պարուսույց որոշեցի ավելի գիտականորեն մոտենալ մանկավարժական հմտություններին: Գրելով երկու ուսումնական ձեռնարկ, պաշտպանելով գիտությունների թեկնածուական աստիճանը հասկացա, որ թե մասնագիտորեն, թե հոգեպես պատրաստ եմ կատարողական արվեստի դպրոց բացելուն: Այո, վերջապես իրականանում է վաղեմի երազանքս: «Պարիր թէ կարող ես» նախագծում որպես ժյուրի աշխատելուց հետո մասնակցեցի ամերիկյան տարբերակի նկարահանումներին, ծանոթացա իրապես պրոֆեսիոնալ մասնագետների և պարողների հետ: Լոս Անջելեսի պարարվեստի դաշտը ինձ համար նոր հեռանկար է և միևնույն ժամանակ մարտահրավեր:
Վարդուհի, շատերն են մեկնում արտերկիր՝ վերադառնալու խոստումով, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով նրանց վերադարձը անընդհատ ուշանում է, դուք խոստանո՞ւմ եքվերադառնալ:
Ես ինձ հայրենասեր մարդ եմ համարում և այս պահին խոստումներ դեռ չեմ կարող տալ, սակայն հայրենիքիս հետ կապված եմ յուրաքանչյուր վայրկյան:
Այդտեղ Ձեր դպրոց-ստուդիան եք հիմնել, մի փոքր կպատմե՞ք, թե ովքեր են Ձեր սաները,եւ առհասարակ ամենը, ինչ դպրոցի հետ է կապված:
Դպրոցի հիմնադրման գաղափարը մշակել և իրականացնում ենք իմ շատ մտերիմ գործընկերուհի, հաղորդավարուհի Դինա Ավետիսյանի հետ: Կրթական համակարգում հոգեբանական ուղղվածությունը, որի մասնագետն է Դինան, կարծում եմ, մեծ դեր և նշանակություն կունենա երեխաների դաստիարակչական հարցում: Համադրում ենք երկուսիս մասնագիտական փորձը և կազմակերպչական կարողությունները իրականացնելու մեր առջև դրված բոլոր նպատակներն ու նախագծերը: Պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետների ընտրությունը կատարվել է բավականին լուրջ և մեծ բծախնդրությամբ: Մեզ համար շատ կարևոր է այն փորձառու թիմը, որ աշխատելու Է երեխաների հետ: Դպրոցում առաջարկվելու են տարբեր ոճերի պարեր (լատինաամերիկյան, եվրոպական, բալետ, հիփ-հոփ, զումբա, հարսանեկան պար, յոգա, թատերական ներկայացումներ պարային բեմադրություններով): Կունենաք նաև գեղարվեստի և ձեռքի աշխատանքների ուսուցման կենտրոն. մենք փորձել ենք համախմբել այս ոլորտների լավագույն մասնագետներին: Նրանց մասին ավելի մանրամասն տվյալներ կգտնեք մեր պաշտոնական կայքում: Դպրոց ստեղծելու նպատակներից մեկն այն էր, որ հայ մանուկները կգտնվեն մի հաստատությունում, որտեղ կխոսեն հայեցի, կսովորեն բեմի վարպետություն, էսթեթիկայի կանոններ, ձեռք կբերեն գեղեցիկ կեցվածք, ճկուն կազմվածք: Մեր կատարողական արվեստի դպրոցում տարիքային սահմանափակում չկա, օրինակ ունենք հատուկ դասաժամեր 3-5 տարեկան բալիկների համար, պրոֆեսիոնալների խումբ և նախատեսել ենք մարզաառողջարարական և ժամանցային ծրագրեր սիրողական խմբերի համար:
Վարդուհի, հետաքրքիր է՝ ինչպե՞ս հարմարվեցիք նոր երկրին, կարոտի հետ կապվածխնդիրները հաղթահարվա՞ծ են:
Կարծում եմ՝ կարոտը հաղթահարելն անհնարին է: Ամեն օր ապրում եմ կարոտով, շատ եմ կարոտում մտերիմներիս, ընկերներիս, հարազատներիս և իմ քաղաքը։ Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք, որովհետև կապը հայրենիքիս հետ միշտ ակտիվ կլինի:
Վարդուհի, այստեղ նաեւ ներկայացաք որպես հաղորդավարուհի, այդ ուղղությամբայդտեղ առաջարկներ կամ պլաններ չկա՞ն:
Առաջարկներ ու նախագծեր կան, բայց այդ մասին կխոսենք ավելի ուշ: Այս պահին ամբողջ ուշադրությունս և ուժերս տվել եմ դպրոցիս և իմ առաջին սաներին:
Դուք 31 տարեկան եք եւ արդեն հասցրել եք մեծ ձեռքբերումներ ունենալ Ձերմասնագիտության մեջ, ունեցած ձեռքբերումները ուժի՞, թե տաղանդի արդյունքն է:
Իհարկե, աշխատասիրության: Շատ բարդ է լինել և երիտասարդ և կայացաց, սակայն ոչինչ հեշտ չի տրվում: Կյանքում ամենակարևորը աշխատասիրությունն ու հավատն է, որ երբեք ես չեմ կորցրել, ընտանիքս ինձ միշտ թևեր է տվել: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ շատ եմ կարևորում մասնագիտական գիտելիքների ձեռքբերման պաշարը: Իմ կյանքում բազմաթիվ անգամ համոզվել եմ՝ կատարելության հասնելու լավագույն միջոցը աշխատասիրությունն է: Այն, ինչ ունեմ այսօր դրա վառ ապացույցն է, բայց սա դեռ սկիզբն է ամեն ինչ առջևում է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում