Արդեն տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: «Միռամ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարություն էր ներկայացել երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, և արդեն հուլիսի 26-ին նախագծի հանրային քննարկման 2-րդ փուլն է կազմակերպելու:
Այս նախագծի մասին գյուղացիները, սակայն, միայն վերջերս են տեղեկացել, այսինք՝ բնակիչների հետ քննարկման առաջին փուլ չի էլ եղել...ավելին` գյուղացիները ստորագրահավաք են սկսել այդ աշխատանքների դեմ: Այս հանգամանքը գյուղացիների մոտ դժգոհությունների լուրջ առիթ է հանդիսացել, և բոլորը միահամուռ հայտնում են, որ չեն թողնի որևէ հանքի շահագործում, քանի որ նշված հատվածում են գտնվում գյուղի խմելու ջրի ակունքը և անասունների արոտավայրը, իսկ նմանատիպ աշխատանքների դեպքում թունավոր արտանետումներն անխուսափելի կլինեն: Արդվիում հանքի շահագործման հեռանկարը չեն ողջունում` նշելով, որ իրենք տնամերձ հողատարածքներում ազնվամորի են աճեցնում, ավելին` նպատակ ունեն ընդլայնել հողատարածքները, քանի որ նպատակ ունեն այդ ազնվամորին արտահանել նաև Ռուսաստան:
Չնայած իր փոքրությանը (գյուղը 240 բնակիչ ունի)` Արդվինն ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովնան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաև ռուսական կայսրության արիստոկրատ Քալանթարյանների տոհմային թանգարանը եւ Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է հազարավոր զբոսաշրջիկներով:
Հավելենք, որ հանքերևակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես: Ընդգրկում է երկու համայնքի` Մղարթի 54 հա եւ Արդվիի 146 հա տարածքները:
Նշենք, որ «Միռամ» ՍՊԸ-ն ընդամենը երկամսյա պատմություն ունի: Գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում բաժնեմասի 34 %-ը: Արայիկ Զադոյանը նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է:
Հատկանշականն այն է, որ գյուղացիների դժգոհություններին ու բողոքներին որևէ արձագանք չի եղել ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից:



