Հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շխրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Բողոքի պատճենները հղվել են ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին, ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» ՔԿՀ պետին:
Բողոքում Հայկ Ալումյանը խնդրում է քննություն սկսել Վահան Շիրխանյանին ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու փաստի առթիվ և անհապաղ ձեռնարկել պաշտոնատար անձանց իրավասության մեջ գտնվող բոլոր միջոցները՝ կանխելու համար անթույլատրելի դեղամիջոցների միջոցով Վահան Շիրխանյանի առողջությանը հետագա վնասի պատճառումը և պարզելու, թե անհամատեղելի դեղամիջոցների նշանակումը և հիվանդին տալը արդյո՞ք անփութության, թե՝ դիտավորության հետևանք է:
Փաստաբանը նշում է, որ իրականացնում է Վահան Շիրխանյանի պաշտպանությունը, ով արդեն շուրջ 13 ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում:
Այդ ընթացքում ինչպես ինքը, այնպես էլ նախկինում Վ.Շիրխանյանի պաշտպանությունն իրականացրած փաստաբանները և իրավաբան Աննա Մարալյանը բազմիցս դիմել են բողոքներով՝ կապված Վ.Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացման և նրան ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու հետ:
Ի պատասխան բողոքների, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը և ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» ՔԿ հիմնարկը մշտապես պատասխանել են, թե Վահան Շիրխանյանը հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք չունի և, որ նրա բուժումը հաջողությամբ իրականացվում է ՔԿՀ-ում: Պատասխանների մեջ, ի թիվս այլի, հղումներ են արվել ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում պարոն Շիրխանյանին այցելած որոշ բժիշկների կարծիքների վրա:
Այնուհանդերձ, նշում է փաստաբան Հայկ Ալումյանը, Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գնալով ավելի ու ավելի է վատացել: Այժմ նա առհասարակ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, ինչպես պարզվել է ապարատային հետազոտությունների արդյունքում, նրա անոթի մեջ տեղադրված «կավա» ֆիլտրը շաղվել է առանցքից և մասամբ խրվել անոթի պատի մեջ, Վ.Շիրխանյանի մոտ առաջացել են գլխապտույտներ և դժվարություններ տարածության մեջ կողմնորոշվելու հարցում ու ևս մի շարք այնպիսի առողջական պրոբլեմներ, որոնք նա չի ունեցել նախքան իր կալանավորումը:
«Նշված բացասական դինամիկան մեզ հիմք տվեց կասկածի տակ դնելու պարոն Վահան Շիրխանյանի բուժման մեթոդների համարժեքությունը: Նկատի ունենալով, որ «բուժումն» իրականացվում է բացառապես դեղերի միջոցով, մենք ստիպված եղանք ուսումնասիրել նրան նշանակված դեղերի փոխազդեցությունն միմյանց միջև, որպեսզի պարզենք, թե արդյո՞ք պարոն Շիրխանյանի վիճակի վատթարացումը որոշակի չափով պայմանավորված չէ հենց այդ դեղերով: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պարոն Շիրխանյանին նշանակված և ամիսներ շարունակ տրամադրվող դեղերից 6-ը ունեն անհամատեղելիություն միմյանց հետ:
Այսպես.
Ա. տուլոզինի ընդունումը կոնկորի հետ կարող է հանգեցնել զարկերակային ճնշման կտրուկ անկման,
Բ. կարդիոմագնիլի ընդունումը դիկլոբերլի հետ վտանգավոր է,
Գ. խորհուրդ չի տրվում գինկոպամի օգտագործումը կարդիոմագնիլի հետ»,- նշվում է բողոքում:


