Կենդանասերներին և որսորդներին վրդովվեցրել է համացանցում հայտնված մի տեսանյութ, որում Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի մի խումբ բնակիչներ դաժանաբար են վարվում մի քանի գառներ հոշոտած գայլի հետ:
Մասնավորապես, նշվում էր, որ տեսանյութում հստակ երևում է, որ կատարվել է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 92-րդ հոդվածով դատապարտվող գործողություն՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը»:
Հատկանշական է, որ տեսանյութը Youtube ներբեռնվել էր դեռևս ձմռանը՝ 2014թ. դեկտեմբերի 27-ին, սակայն միայն երեկ երեկոյան այն սկսեց ակտիվորեն շրջել համացանցում՝ զայրացնելով սոցցանցերի հայ օգտատերերին:
Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրեց.
«Գայլին տանջամահ անելու տեսանյութը նայեցի։ Զզվելի էր։ Գայլին տանջամահ անողներին տանջամահ անելու կոչերը կարդացի։ Տխուր էր շատ։ Ոչ մեկին պետք չի տանջամահ անել, ընկերներ ջան։ Ոչ գայլերին, ոչ մարդկանց: Գայլին տանջամահ անողները ակնհայտորեն սադիստ են, բայց շատ հասկանալի չի ինչո՞ւ են իրանց սադիզմի մասին տեսանյութ հանել եւ գցել յութուբ ու ադնակլասնիկ։ Թե՞ սադիստ լինելուց բացի նաեւ ապուշ են։ Ի դեպ, տեսանյութը դրված ա անցած տարվա դեկտեմբերին, բայց ֆեյսբուքում սկսեց պտտվել էս շոգ օրերին։ Ինչո՞ւ»:
Ի դեպ, շատերն էլ կոչ էին անում պարզել կենդանուն խոշտանգած անձանց ինքնություններն ու ներգրավել որպես մեղադրյալներ, ինչպես նաև որպես վկա ներգրավել տեսանյութը Youtube համակարգում տեղադրած ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ Թամար Դարբինյանին (Youtube-ին կցված Google+ սոցիալական ցանցի տվյալներով): Թերևս հենց այս է պատճառը, որ Թամար Դարբինյանն արդեն հեռացրել է վերոնշյալ տեսանյութը և այն այլևս համացանցում հասանելի չէ: