Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ  հարցերին պատասխանում է  «Վահագ Ռաշ» խմբի մենակատար Վահագն Ռուշանյանը:
- Ձեր փոքր ժամանակվա ամենասիրելի խաղալիքը և ինչո՞ւ էիք այն սիրում:
-Փայտե ձին ու թուրը. ձիուն հեծած գնում էի թուրքերի դեմ կռվելու:
-Ձեր բնավորության ո՞ր գծից կնախընտրեիք հրաժարվել:
 
-Շուտ եմ հիասթափվում:
 
-Երաժտությունը  կյա՞նք է,  թե՞  կյանքն  է երաժշտություն:
 
-Երկուսն էլ:  Առանց երաժշտության, կարծում եմ, որ կյանքը դատարկ կլիներ.  ինձ երաժշտությունն է տրամադրություն թելադրում:
 
-Ըստ Ձեզ` աշխարհի կործանումը  կկանխի … :
 
-Աշխարհը կործանումից դեռ շատ հեռու է. բնությունը  դեռ այդքան չի զայրացրել մարդկության վրա: Չեմ բացառում, որ շատ տարօրինակ երևույթներ կարող են կատարվել, որոնք բնության կողմից մարդկությանն ուղղված կոչ են առ այն,  որ պետք է կանգ առնել,  հակառակ դեպքում ավելի վատ բաներ կարող են տեղի ունենալ: Տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է, նույնիսկ,  մեկ ծառի ոչ բնական եղանակով «մահանալը»  կարող է հանգեցնել մեծ աղետների:
 
-Նակամուրան իր ստեղծագործություններից մեկում  գրում է` «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ»: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դատարկությունը և երբևէ  «հայտնվե՞լ դրանում»:
 
-Կարծում եմ`  մարդու կյանքում դատարկություն է, երբ վերջինս հասկանում է, որ ժամանակը զուր է վատնել ու հայտնվել  մի իրավիճակում, երբ  ոչինչ չունի. ընկերներ, հարազատներ…Ոչ ոք և ոչինչ… Սա հոգու դատարկությունն է, բայց, ըստ իս, երբեք ուշ չէ ամեն ինչ  նորից սկսել, ուղղակի դրա համար շատ մեծ կամքի ուժ է հարկավոր:
 
 
-Դժվարությա՞մբ  եք ներողություն խնդրում:
 
 - Շատ: «Ներողություն»  բառն ընդհանրապես չեմ սիրում: Կարծում եմ` դա ավելորդ է, եթե դու մարդու համար թանկ ես և դա  փոխադարձ է. պետք  չէ այնպիսի բան անել, որ ներողության կարիք առաջանա, իսկ անելու դեպքում`  տվյալ  անձնավորությունը  պետք է  կարողանա ներել կամ հեռացնել  քեզ իր կյանքից:
Ես ներողությունն  ավելորդություն եմ համարում.հասկացել եմ,  ներողությունից հետո  ամեն ինչ ավելի է բարդանում:
                                                                                                  
 -Ի՞ նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:
-Ասում են, որ դանակահարության համար դատապարտված եմ եղել, նույնիսկ չգիտեմ` որտեղի՞ց նման ինֆորմացիա: Բարեբախտաբար, նույնիսկ կռիվ անելու պատճառով չեմ հայտնվել ոստիկանության բաժանմունքում, չնայած, որ ուսանող ժամանակ բավական չարաճճի երիտասարդ եմ եղել:
Նաև խոսակցություններ են պտտվում, որ ամուսնացած եմ եղել և երեխա ունեմ, ինչը ևս հերքում եմ:
-Սիրո՞ւմ եք խենթությունների դիմել. կհիշե՞ք ամենավերջինը:
-Ընդհանրապես, շատ եմ սիրում խենթություններ անել: Վերջին խենթությունս եղել է այն, որ Ուկրանիայում եղած ժամանակ մեկ օրով եկել եմ Հայաստան ու վերադարձել` հաճելի մարդուն հաճելի նվեր մատուցելու համար:
-Կարծրատիպեր, որոնք «կոտրում» եք:
-Կարծրատիպեր չունեմ և չեմ սիրում այդ երևույթը, ապրում եմ, ինչպես ինձ է հաճելի` առաջնորդվելով «ճիշտը ինձ համար մեկն է» սկզբունքով:
-Դիմացինի մեջ ամենաշատը ի՞նչն եք կարևորում:
-Ազնվությունը, անկեղծությունը և նվիրվածությունը:
-Ինչի՞ց եք ամենաշատը նյարդայնանում, ինչի՞ց` ուրախանում:
-Նյարդայնանում եմ, երբ մարդիկ առանց հասկանալու և բացատրություն լսելու ենթադրություններ ու եզրակացություններ են անում:
Նյարդայնացնող երևույթները շատ են, պարզապես, աշխատում եմ աչք փակել դրանց վրա: Առանց այն էլ, կյանքը լի է խնդիրներով. պետք է խնայել նյարդերը: Ուրախանում եմ, երբ հայրենակիցներս ինչ-որ բնագավառում հաջողության են հասնում: Շատ բաներից եմ ուրախանում…
-Իրակա՞ն , թե երազների աշխարհում եք նախընտրում ապրել և ինչո՞ւ:
-Իրական ռոմանտիկայով և երազանքներով լի, այսպես ասած`այդ երկուսի «միքս» աշխարհում: Իրական կյանքը շատ ձանձրալի է, և մենք պետք է գունավորենք այն` ճիշտ երեխաների համար նախատեսված «ներկիր ինքդ» նկարների նման:
Մենք այն գունազարդում ենք` կամ ռեալ գույներով, կամ մեր ցանկությամբ, կամ էլ անգույն թողնում…
Հեղինակ` Անի Բեքիրյան
      

