▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տխրությունից սկսում եմ ծիծաղել. որքան պրիմիտիվ ենք և խղճուկ. Լիլիթ Մուրադյան

Wnews.am-ը գրում է, որ զրուցել է Լիլիթ Մուրադյանի հետ: 

Ես. Հիշում եմ մանկությունս՝ կամ երգում էի , կամ ստիպում էի, որ բոլոր բարեկամներս  ու հարևանները հավաքվեն և հետևեն իմ թատերական խաղին. ինձ հանդիսատես էր հարկավոր , ով գնահատական կտար ինձ , իսկ ավելի ճիշտ՝ գովեստի խոսքեր կասեր , այդ տարիքում քննադատություններ  չէին ընդունվում իմ կողմից: Մի բան հստակ էր ՝ ես պետք է հայտնվեի հետագայում այն սև արկղի մեջ: Միշտ իմացել եմ, թե ինչ եմ ուզում և միշտ իմացել եմ ՝որ ուղղությամբ է պետք մտածել: Իմ մասին խոսել չեմ սիրում, ինքս ինձ նկարագրել՝ նույնպես: Ես մոլորակի վրա ապրող միլիոնավոր մարդկանցից մեկն եմ, ով ուզում է լինել երջանիկ և  հաջողակ, իսկ որքան մեծանում ես, հասկանում, գիտակցում ես, որ երջանկությունը միայն քո գլխում է , ուզում ես լինել երջանիկ, եղիր:

Հեռուստատեսություն. Իմ կյանքի ամենակարևոր փուլն էր . նոր աշխարհ, նոր մարդիկ, նոր դժվարություններ, հաջողություններ, հիասթափություններ, հետաքրքիր հանդիպումներ և վերջապես՝ մեծ սեր: Եթերն ինձ տվեց հնարավորություն ինքնահաստատվելու և կայանալու իբրև մարդ և իբրև անհատականություն: Հիմա ես լիարժեք մարդ եմ և երբեք չեմ լինի կախվածության մեջ ո՛չ մարդկանցից, ո՛չ էլ իրավիճակներից: Հեռուստատեսությունում չկա հաջողության չափանիշ. միշտ էլ գալիս է քեզանից երիտասարդը, ճարպիկը, գեղեցիկը, մնում է չմաղվել և մնալ հարթության վրա, իսկ դրա համար պետք է առաջ գնալ, սովորել և կատարելագործվել, ոչ մի րոպե կանգ չառնել: Ցանկացած հիանալի գաղափար, որ գալիս է քո գլուխը և որոշում ես այն իրականացնել, պետք է հիշել, որ դու ամենևին էլ հանճարեղ չես և դա ինչ որ մեկի գլխում ծագել էր արդեն տարիներ առաջ, մնում է սթափ գնահատել հնարավորությունները և անցնել գործի:

Հայտնիություն. Հայտնի լինելու գաղափարը գրավում է միանգամից շատերին. դու կարող ես հայտնի դառնալ մի քանի օրում և հենց նույն այդ եթերն էլ կարող է սպանել քեզ և թողնել կոտրած տաշտակի մոտ, եթե իրականության աչքերին չսովորես նայել: հաղորդավարն աստղ չէ և իրավունք չունի իրեն իբրև այդպիսին ներկայացնել, դու այն միջոցն ես, որը կապում է իրար եթերն ու հեռուստադիտողին, դու չեզոք անձ ես, ում գործն է նյութը, լուրը մատչելի եւ գրագետ հասցնելը հեռուստադիտողին: Հայտնի են դառնում այն մարդիկ, ովքեր բոլորից քիչ են աշխատում, սակայն շատ են երևում, մեր երկրում դա շատ վտանգավոր է , քանի որ մեզանից և ոչ ոք աստղ չէ և մենք բոլորս չափազանց հասանելի ենք  հանրության համար, այնպես որ չպետք է դառնալ վառած դեմք: Ես սիրում եմ իմ գործը , ես սիրում եմ եթերը, ես սիրում եմ այն փաստը, որ կարող եմ օգտակար լինել հազարավոր մարդկանց, ովքեր նայում են ինձ այդ պահին: Ես ապրում եմ նոր գաղափարներով և ոչ մի դեպքում չեմ թողնի իմ Հանրայինը՝ իմ տունը: Սարսափելի եմ նյարդայնանում, երբ իմ մասին հոդվածներ կամ նյութեր տեղադրելուց շեշտում են աստղ բառը, դա ծիծաղելի է և շատ նորմալ է, որ շատ հաճախ նաև զայրույթ է առաջացնում մարդկանց մոտ, աստղերը երկնքում են, իսկ հայտնիները՝ սահմանին կանգնած:  

Ֆեյսբուքյան ակտիվություն. Գիտնականների հետազոտությունները ապացուցել են , որ մարդկանց ամեն պահի տեղադրած շքեղ կյանքը ներկայացնող լուսանկարները 70 % ի մոտ առաջացնում է միայն նախանձ և չարություն, ֆեյսբուքը դա ազատ հարթակ է , որտեղ բոլորը բաց են թողնում իրենց նեգատիվ լիցքերը կամ փորձում են իրենց ֆեյսբուքյան ընկերներին ապացուցել, որ իրենք ունեն շքեղ և հիանալի կյանք: Մենք նույնպես հաճախ դառնում ենք այդ ճահճի մեջ չխորտակվելու փորձեր անողներից մեկը: Ով լայքեց, ով չլայքեց: Հաճախ, Բա Եթե մենք ունենք հեռախոս, ապա գոնե քսան րոպեն մեկ մուտք ենք անում մեր էջ ՝տեսնելու , թե քանի  notification ունենք, մեկ-մեկ էլ տեղեկանում ենք նորություններին և քայլում ենք ժամանակին համընթաց՝ տեղյալ լինելով «ամենակարևոր իրադարձությունից», օրինակ՝ ինչ ներքնազգեստ է այսօր կրել Քիմը, չէ որ առանց դրա մեր օրը օր չէ:

Ոճ.Մեկ-մեկ բռնում եմ ինձ այն մտքի վրա, թե օրվա մեջ որքան շատ եմ մտածում միայն այն մասին, թե ինչը ինչի հետ կարելի է կրել, ինչ կարելի է գնել և որ պետք է անպայման այսօր մի հատ մտնել այն խանութը, պարզապես տեսնելու, թե ինչ նորություն ունեն: Հետաքրքիրն այն է, որ երբ ես մի նոր բան եմ ուզում գնել, սկսում եմ արդարացնել ինքս ինձ և իմ կատարած գնումները՝ ապացուցելով և համոզելով ինձ, թե որքան կարևոր էր այն: Ես սիրում եմ նորաձևությունը, գեղեցիկը և ոճայինը: Չեմ սիրում ուրիշներին խորհուրդներ տալ, թե ով ինչպես պետք է հագնվի, ես սիրում եմ ամեն ինչ փորձել ինքս ինձ վրա: Ես ինձ զգում եմ ինքնավստահ և ուրախ, երբ գիտեմ, որ լավ տեսք ունեմ: Դա նորմալ է և բնորոշ է ցանկացած կնոջ և աղջկա:

Քննադատություններ. Մենք սիրում ենք քննադատել բոլորին, մենք բոլորից խելացի ենք և կյանք տեսած, մոտավորապես այս համոզմունքն ունեն այն մարդիկ, ովքեր չեն ալարում և մի հիմար նկարի տակ պատրաստ են մի տաս նախադասությունից կազմված մեկնաբանություն թողնել: Համացանցի հարթակում ես քննադատություններին ուշադրություն չեմ դարձնում, բայց կան այլ քննադատություններ և դրանք հնչում են այն մարդանց շուրթերից , որոնց պետք է ականջ դնել, նույնիսկ եթե չես ընդունում, լսիր, հետո միգուցե մի բան վերցնես այդ խոսքերից: Քննադատություն երևույթին ես այնքան էլ դրական չեմ վերաբերում, կարծիք, խորհուրդ՝այո, բայց քննադատելու համար պետք է չափազանց կայացած մարդ լինել, իսկ այդպիսի մարդիկ սովորաբար զբաղված են լինում իրենց գործով: Քննադատություններ սիրող մարդիկ սովորաբար լինում են պարապ և չկայացած: Ավելի լավ է մեզանից յուրաքանչյուրն իր գործն անի: 

Բարդույթներ. Բարդույթներ չունեմ, ունեմ բարդույթներ կապված խառնվածքիս հետ՝ չափազանց զգացմունքային եմ, կարող եմ 5  րոպեների ընթացքում ուրախանալ, տխրել, ժպտալ, արտասվել: Ամեն ինչ շատ խորն եմ ընդունում, հիշաչար չեմ, բայց եթե  ինձ վիրավորել են կամ ցավ են պատճառել, նույնիսկ եթե հարաբերություններս հարթվեն տվյալ մարդու հետ, իմ մեջ միշտ կմնա այն սև կետը: Միակ բանը, որ ինձ օգնում է կյանքս ավելի հեշտ ապրել, դա այն է, որ չկա մեկը, ում նկատմամբ ես լցված լինեմ չարությամբ, նախանձով կամ ատելությամբ: Ես ինքնաբավ եմ և սարսափելի ինքնուրույն: Սիրում եմ կարգ ու կանոն, սիրում եմ ամեն ինչ անեմ ինքս և այն ինչ վերաբերվում է միայն ինձ ու ընտանիքիս, որոշումները կայացնեմ ես: Ես չեմ կարող խաղալ կամ ձևացնել, չնայած դա էլ է պետք իմանալ. եթե ես ուրախ եմ, ուրեմն ուրախ եմ, եթե ինչ որ բան ինձ անհանգստացնում է, պետք է խոսեմ այդ մասին: Սիրում եմ հարմարավետություն ամեն ինչում, չեմ սիրում խանգարել մարդկանց իմ հոգսերով, նույնիսկ՝ հարազատներիս: Ամենից շատ կարևորում եմ իմ ազատությունը ՝ իբրև մարդ և իբրև անհատականություն, ես պետք է իմանամ, որ ազատ եմ որոշումներիս և գործողություններիս մեջ: Ունեմ իմ հստակ դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ և միգուցե հազվադեպ եմ գնում կոմպրոմիսների, բայց կա մի լավ կարգախոս. «Մի ակնկալիր, որ դիմացինդ պետք է մտածի և գործի այնպես, ինչպես դու » և խնդրում եմ, որ ինձ էլ այդպես ընդունեն և չակնկալեն, որ այն, ինչ ճիշտ է իրենց համար, ճիշտ է նաև իմ համար: 

Ամբիցիաներ. Չեմ կարող չաշխատել, ատում եմ պարապությունը և չեմ սիրում պարապ մարդկանց , ես ինձ լիարժեք եմ զգում, երբ աշխատանքի մեջ եմ: Ամբիցիոզ մարդ չեմ, ամուսնուս  հետ միասին ապագայի հետ կապված մեծ պլաններ ունենք, աշխատանքային բուռն շրջան է մեզ սպասում, բացի այդ ապագան պարգևելու է մեզ այնպիսի նվեր, որ տակնուվրա կանի երկուսիս կյանքն էլ և մենք պատրաստ ենք այդ մեծ փոփոխություններին:  Մնում է միայն փառք տալ Աստծուն և թողնել, որ մեր ապագան լինի նրա ձեռքերում:

Վահեի մասին. Վահեի մասին խոսել դժվարանում են: Առաջինը, ինչ կարող եմ առանձնացնել, իր բարությունն է և բոլորին մշտապես օգնելու և հասնելու անհագ ցանկությունը: Վահեն ընտանիքի լավ զավակ է, ով միշտ պատրաստակամ է: Նա ազնիվ է , հանուն իր հաջողության կամ ինչ որ նպատակի չի կարող գնալ նենգ քայլերի, մի բան, ինչը շատերին է այսօր բնորոշ. դա երկերեսանի լինելն է: Նա իր շրջապատում միշտ սիրված է և սպասված, նրան միշտ շրջապատում  է լավ տրամադրությունը և հումորի լավ զգացողությունը: Վահեն կարող է յուրաքանչյուրին ստիպել, որ իրեն սիրեն և այդպես էլ լինում է սովորաբար: Չեմ ճանաչում մի մարդու, ով կամ անտարբեր է կամ բացասական է տրամադրված նրա նկատմամբ: Ամենից շատ սիրում է, որ իրեն շրջապատող մարդիկ լինեն երջանիկ և խաղաղ: Ինչպես բոլորս, այնպես էլ Վահեն  իր գլխում ունի իր խավարասերներին, ոչ ոք իդեալական չէ, բայց կշեռքի նժարի վրա դնելուց հետո հասկանում ես , որ երջանիկ ես ՝կողքիդ ունենալով իր նման մեկին: 

  

Աղբյուրը՝ Wnews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее