Դուք միասին ապրում եք բավականաչափ երկար և  վստահում եք իրար, ինչպես սեփական անձին: Բայց հանկարծ նրա պահվածքում  անսպասելի փոփոխություններ եք նկատում, և տագնապը պարուրում է ձեզ` «Նրա  կյանքում այլ կին է հայտնվել»… 
Երբեմն  պարզվում է, որ դա իսկապես այդպես է, երբեմն էլ իրականությունն ամենևին  այլ է լինում: Ինտուիցիան /հայտնատեսությունը/ զորեղ գործիք է, և արժե  վստահել դրան, բայց դուք, իմաստուն կին լինելով, պետք է իմանաք տղամարդու  անհավատարմությունը վկայող «հավաստի» նշանները, որոնք ուսումնասիրելու  դեպքում չեք սխալվի եզրահանգումների մեջ:
Նշաններ, որոնք չպետք է անտեսել
Նա սկսել է ավելի շատ հետևել իրեն
Ձեր  տղամարդուն առանձնապես բնորոշ չի եղել իր արտաքինի, հագուստի նկատմամբ  ուշադիր վերաբերմունքը: Հինգ տարվա վաղեմության սովորական մարզաշապիկը նրա  մշտական «ուղեկիցներն» էին տանը: Եվ հանկարծ նա կտրուկ փոխում է իր  վերաբերմունքը արտաքին տեսքին: Սկսում է մոտավորապես այսպիսի հարցեր տալ`  «Տեսքս ոնց է», «Կոստյումս շատ հնաոճ չի, չէ», «Ինչ փողկապ ընտրեմ»:
Հանկարծ  նա գալիս է եզրակացության, որ ժամանակն է զբաղվել մարզանքով, ձգել  մկանները և վերադարձնել մարմնի երբեմնի մարզավիճակը: Սովորականից երկար է  կանգնում հայելու առջև` ինչ-որ բան մտածելով: Կամ` սկսել է ավելի հաճախ  այցելել վարսավիրանոց, վազում է առավոտները կամ սպորտդահլիճ է հաճախում:  Իրեն թանկարժեք օծանելիք է գնել, նոր ներքնազգեստ… Եվ այդ կապակցությամբ  արված ձեր զարմացական արտահայտություններին ի պատասխան կամ լռում է, կամ էլ  ասում` «Բայց չէ որ ինչ-որ մի օր պետք էր սկսել ավելի շատ հետևել ինքս  ինձ: Համ էլ` այս ամենը քեզ համար է»: 
Ի  դեպ, կտրուկ փոփոխությունները կարող են կապված լինել ոչ միայն արտաքին  տեսքի, այլև առողջության հետ: Տղամարդն անսպասելիորեն սկսում է հետևել`  նորմալ է արդոք իր ճնշումը, արյան անալիզ է հանձնում /ապահովության համար/,  վիտամիններ է ընդունում տոկունությունը մեծացնելու համար, օգտագործում է  շամպուն /կրեմներ/ մազաթափության դեմ:
Գաղտնի հեռախոսազրույցներ է ունենում
Համենայն դեպս, նմանատիպ խոսակցությունները տղամարդկանց պարագայում միշտ ինչ-որ բան նշանակում են:
Նրան սովորականից ավելի քիչ եք տեսնում
Շաբաթվա  մեջ ուրբաթ օրը նա սկսել է պարտադիր շախմատ խաղալ… Կամ արդեն երկրորդ  շաբաթն է` սովորականից ավելի երկար է աշխատում: Հանկարծ սկսել է  գործուղումների մեկնել, որոնք առաջ չկային: Ասում է, թե աշխատավայրում իրեն  ուղղակի հեղեղել են գործերով` չնայած դա աշխատավարձի վրա ոչ մի կերպ չի  անդրադառնում: Նույնիսկ հակառակը. նա սկսել է ավելի քիչ գումար տալ կամ էլ  վերջին շրջանում ընդհանրապես չի տալիս: Առաջին անգամ այսքան տարվա մեջ  խոսում է արձակուրդն առանձին անցկացնելու մասին…
Թաքուն sms /էլ.նամակ/ է ուղարկում
Նույնը  վերաբերում է և էլեկտրոնային փոստին: Ընդհանրապես նա սկսել է երեկոյան  ավելի երկար նստել համակարգչի առջև կամ փակվել զուգարանում` բջջային  հեռախոսը ձեռքին: Մի հուսադրեք ձեզ նրանով, թե պարզապես խաղ է խաղում:  Փորձեք աննկատ մոտենալ նրան, երբ հերթական անգամ տարված է իր «խաղով»:  Կնկատեք նրա վայրկենական ռեակցիան /հակազդեցությունը/` ջղաձիգ պահվածք,  անհանգիստ հայացքներ կամ` ընդհակառակը` անսպասելի զայրույթի պոռթկում:  Տղամարդը չի սիրում «բռնվել դեպքի վայրում»:
Անընդհատ քննադատում է ձեզ
Նախկինում  նա համբերատար էր ձեր թերությունների նկատմամբ: Բայց վերջին շրջանում նրա  համբերատարությունը ինչ-որ տեղ կորել է: Նա կառչում է ցանկացած մանրուքից:  Մեկ չափազանց երկար եք զբաղեցնում լոգասենյակը, մեկ ճաշն եք չափից դուրս  աղի պատրաստել, մոռանում եք հիշեցնել կարևոր զանգերը… Ձեզ մոտ  տպավորություն է ստեղծվում, թե նա պարզապես առիթ է փնտրում վեճ սկսելու  համար…
Իսկ միգուցե հենց  այդպես էլ կա… Չէ որ վիճաբանությունից հետո տղամարդը պարտավոր չի լինի  բացատրել, թե ուր է անհետանում գիշերով: Բացատրութունն այն է, թե դուք եք  հասցրել նրան այդ վիճակին:
Չափազանց հոգատար է դարձել
Դա  անհավատարիմ տղամարդու մյուս ծայրահեղությունն է: Օրինակ` հանկարծ սկսել է  առանց առիթի ծաղիկներ նվիրել, պատրաստել ձեր սիրած կերակրատեսակը /եթե սեր  ունի խոհանոցի նկատմամբ/, լսում է ձեր խնդրանքները, փորձում ընդառաջ գնալ  ցանկություններին… ընդհանրապես անում է գրեթե ամեն ինչ, ինչ խնդրում եք:  Եթե ձեզ մոտ դեռ մեղրամիս չէ, ուրեմն` զգույշ եղեք…
Նման  ձևով տղամարդիկ «ծածկում են» իրենց մեղքի զգացողությունը: Մի բան միայն  կարող է մխիթարել ձեզ. այն, որ նա մեղքի զգացում ունի: Դա նշանակում է, որ  նա ձեր հանդեպ անտարբեր չէ: Այդպես, համենայն դեպս, պնդում են հոգեբանները:
Նա  ավելի կրքոտ ու «հնարամիտ» է դարձել, դուք չեք կարողանում հավատալ, որ  առաջվա ձեր ամուսինն է: Ձեզ ավելի հաճախ է ցանկանում և` ամենաանկանխատեսելի  տեղերում: Նրա աչքերը փայլում են` արտահայտելով կիրք ու  հափշտակվածություն:
Կամ`  այլ տարբերակ. նա ընդհանրապես դադարել է սիրով զբաղվել: Պատճառաբանում է  հոգնածությունը, սթրեսը աշխատավայրում… ինչ ասես, միայն թե չքնի ձեզ հետ:  Հաճախ մնում է մինչև ուշ գիշեր, մինչև դուք քնեք, և միայն այդ ժամանակ է  զգուշորեն մտնում անկողին:
Առաջին  տարբերակն, իհարկե, ավելի հաճելի կլինի ձեզ համար, բայց այն ոչ պակաս  վտանգավոր է: Սեքսի հետ առնչվող ցանկացած կտրուկ փոփոխություն ձեզ պետք է  զգոնության մղի: Դրանք պատահական չեն լինում:
Նա միշտ անտրամադիր է
Վերջին  շրջանում նա տարօրինակ կերպով ճնշված է, ինքնամփոփ… Տպավորություն է  ստեղծվում, թե նա ձեզ հետ է և «ձեզ հետ չէ», իսկ դուք պատճառն եք նրա  լարվածության: Եթե փորձեք հարցնել` ինչ է պատահել, նա հստակ ոչինչ չի  պատասխանի: Իհարկե, հնարավոր է, որ նման պահվածքը կապված է աշխատանքային  խնդիրների հետ, բայց հաճախ էլ դա հետևանք է լուրջ արտամուսնական կապի` այլ  կնոջ հետ: Դուք բառի բուն իմաստով խանգարում եք նրան, և դա նյարդայնություն  է առաջացնում:
Այս  դրսևորումը սովորաբար ամենալուրջն է և բազմանշանակը: Պետք չէ միանշանակ  եզրահանգումներ անել` հիմնվելով միայն նման վարքի վրա, բայց անտեսել էլ այն  չի կարելի:
Նշաններ, որոնք կասկածի տեղ չեն թողնում
•  Կինոյի տոմսեր, ռեստորանային հաշիվների թղթեր, տարօրինակ չեկեր… Այս ամենը  տղամարդու գրպանում հենց այնպես չի հայտնվում: Եթե դուք հայտնաբերել եք  նման բաներ, ուրեմն ձեր տղամարդը պարզապես «բռնվել» է:
•  Սիրային նամակ. Աշխատանքային ընդմիջման համար բուտերբրոդ դնելիս` նրա  պայուսակում հայտնաբերում եք սրտահույզ նամակ: Զգացմունքային  խոստովանություններ, այնպիսի բառեր, ինչպիսիք են` «սեր», «թանկագինս» : Եվ  դա ձեր ձեռագիրը չէ… Ինչ է դա նշանակում…
•  Քնքշանքի հետքեր. Ձեր սիրելիի պարանոցին կրքոտ համբույր ենթադրող  կարմրություն եք հայտնաբերում: Նա, անկասկած, կբացատրի, թե մի «կատաղած»  մեղու է երեկ կծել իրեն, կամ նման մի բան… Այո, հնարավոր է` այդ մեղուն  հեռագնա ծրագրեր ունի ձեր ամուսնու հետ կապված…
•  Այլ կնոջ լուսանկար. Նա պահում է այն իր մոտ կամ գրասեղանի դարակում:  Թաքցնում է լուսանկարը և անզուսպ զայրույթի մեջ է ընկնում, երբ հարցնում  եք, թե ով է նա: Այստեղ ամեն ինչ պարզ է:
•  Անունների շփոթում. Ձեր տղամարդը հանկարծ ձեզ ուրիշի անունով է դիմում:  Իսկ եթե դա մեկ անգամից ավելի է կրկնվում, նույնիսկ կասկածի նշույլ չկա:
•  Միայնակ գիշերներ. Նա երեկոյան տնից դուրս է գալիս և վերադառնում  առավոտյան: Ընդ որում բացարձակապես արհամարհում է ձեր հարցերը և ի պատասխան  միայն հեգնախառն ժպտում: Սա տղամարդու անհավատարմության ստույգ նշաններից  ամենաանվիճելին է:
Ինչ անել, եթե ձեր սիրելին դավաճանել է
• Նախևառաջ` մի մեղադրեք ձեզ:
• Թույլ տվեք ձեր զգացմունքներին դուրս ժայթքել: Առողջ չարացածությունն ավելի լավ է, քան ցավագին ափսոսալն ու վշտանալը:
• Քննարկեք ձեր իրավիճակը նրա հետ, ում վստահում եք: Ավելի է հեշտ է խնդրի լուծման համար ուժեր հավաքել այն ժամանակ, երբ մենակ չեք:
•  Փոխվեք, այլ գույն ներկեք մազերը, գնեք նոր հագուստներ: Դուք ավելի ուժեղ և  անկախ կզգաք: Նա չպետք է մտածի, թե ձեր աշխարհը ավերակների է վերածվել:
Աղբյուր` erkusov.com
      

