1992 թվականի մայիսի 8-ը արցախյան պատերազմի պատմության կարևոր օրերից է․ճակատագրական հենց այդ օրն է սկսվել «Հարսանիք լեռներում» օպերացիան: 1992 թվականի մայիսի 8-9-ին մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողությամբ ազատագրվեց Շուշին:
«Հպարտ ենք, որ մասնակցեցինք Շուշիի ազատագրմանը: Հանձնարարությունը մենք կատարեցինք փառքով: Մի քանի ժամ տևած ահեղ մարտերից հետո բազմաթիվ զոհեր ունեցանք: Շատ դաժան էր: Կամ պետք է բոլորս զոհվեինք, կամ՝ հաղթեինք: Շուշիի ազատագրման համար ընկած 56 տղաներից 27-ը մեր ջոկատից էին, ունեցանք 2 անհետ կորած: Վերջում ես վիրավորվեցի, մի կերպ հասցրին Ստեփանակերտ, ապա՝ Երևան:
Հրաշքով ողջ մնացի, իսկ Շուշին ազատագրված չտեսա: Միայն 3-4 օր անց, երբ եկա գիտակցության, տղաներն ամեն ինչ պատմեցին, իսկ երբ իմացա զոհերի մասին.... նրանք բոլորը ընտրյալներ էին...»,-հուզմունքը մի կերպ զսպելով պատմեց «Հայոց ազգային բանակի» հատուկ գնդի հրամանատար Սամվել Փափազյանը /Չեչ/:
Սամվել Փափազյանի կինը՝ ազատամարտիկ Գայանե Բաղդասարյանն էլ շարունակով վերջինին՝ նկատեց.
«Երբ նրան վիրավոր բերեցին՝ հիվանդանոցում արյուն չկար: Անձրևոտ օր էր, բայց երբ ժողովուրդն իմացել էր այդ մասին, միանգամից եկել էր, այնպես որ հերթի ծայրը չէր երևում: Ժողովուրդը որ չլիներ՝ մենք չէինք կարող պայքարել: Իրենք իրենց զրկում էին հացից, ջրից ու մեզ էին ուղարկում: Մի կին էլ եկել էր, թե կներեք, ոչինչ չունեմ, բայց հետը տղամարդու 6 թաշկինակ էր բերել, որ փոխանցեմ Սամվելին»;
«Գարդման» ջոկատի կոմիսար Կարեն Ներսիսյանն էլ նշեց. «Երբ հայրենիքը վտանգված էր, ու վայրագ թշնամին հարձակվել էր՝ մեծածավալ ռազմական գործողություններ սկսելով ամբողջ սահմանագծով, չէր պատկերացնում, որ իր առջև առյուծասիրտ, մահը մահով հաղթելու գաղափարով հայ տղաներն են կանգնած: Չի կարելի մոռանալ ցուրտը, սննդի ու ռազմամթերքի սակավությունը»:
«Սատար» հաշմանդամների ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանի փոխանցմամբ էլ՝ Շուշիի ազատագրման ժամանակ ինքը եղել է Արծվաշենում և առաջինը հակառակորդից է իմացել բերդաքաղաքի ազատագրման մասին: «Շուշին էր, որ կոտրեց թշնամու ողնաշարը: Ճիշտ է, դրանից հետո երկու տարի մարտական գործողությունները շարունակվեցին, բայց իրենք արդեն հոգեբանորեն պարտված էին: Շուշիի հաղթանակի ազդեցությունն այսօր էլ կա: 2016 թ. ապրիլյան պատերազմի հերոսներն ապացուցեցին դա: Այն սերմերը, հիմքը, որ մենք դրել էինք բանակի ստեղծման մեջ, ապրիլյան օրերին արտահայտվեց մեր երիտասարդների հզոր կամքով, ուժով»:
Անի Կարապետյան


