Life.panorama.am-ը գրում է. Այսօր՝ «Երեխաների պաշտպանության միջազգային օրը», տոն է նաև դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի ընտանիքում. նրանց դուստրը՝ փոքրիկ Ռուզիկը, մայրիկի խոսքով՝ դեռևս երեկվանից անհամբեր սպասում է այս օրվան, որպեսզի մասնակցի տարբեր մանկական միջոցառումների և ստանա սպասված նվերները:
Կայքին դերասանուհին պատմել է, թե ինչպես են անցկացնելու 2.8 տարեկան Ռուզիկի տոնական օրը.
«Ռուզիկս դեռ երեկվանից պատրաստվում էր այս օրվան: Արդեն տրամադրված է, որ պետք է գնա Խնկո Ապոր անվան մանկական գրադարան ու մասնակցի այնտեղ կազմակերպված գեղեցիկ միջոցառումներին, ի դեպ՝ Ռուզիկս առանձնահատուկ ոգևորությամբ է հաճախում գրադարան, քանի որ այնտեղ աշխատում է մայրիկս: Այսօր նախատեսել ենք նաև, որ ընտանիքով և մեր շատ գեղեցիկ քույրիկի՝ փոքրիկի Վիկտորիայի, հետ կմասնակցենք նաև քաղաքի գրեթե բոլոր գեղեցիկ ու գունեղ միջոցառումներին: Նշեմ, որ աղջիկս արդեն շատ բան է հասկանում, իսկ ես էլ, յուրաքանչյուր վայր հաճախելիս, հանգամանորեն բացատրում եմ ու փորձում հասանելի դարձնել նրան այն, ինչն իր համար կարող է անհասկանալի լինել»,- պատմել է Լուսին Վարդանյանը:
Դերասանուհու խոսքով՝ բոլոր երեխաների նման Ռուզիկն էլ նվերներ շատ է սիրում ստանալ, իսկ այսօր առանձնահատուկ ոգևորությամբ է դրանց սպասում.
«Նվերների պարագայում էլ ոգևորությունը դեռ երեկվանից կար, մեր տատիկներից մեկն արդեն տվել է իր նվերը՝ շատ գեղեցիկ զգեստ է, մյուս տատիկց այսօր դեռ կստանանք, իսկ ես ու Վահագնը դեռ չենք կողմնորոշվում ինչ նվիրել մեր անուշ աղջկան: Պետք է նկատեմ, որ Ռուզիկը շատ հետաքրքիր նախասիրություններ ունի նվերների հարցում. կարող է որպես նվեր շատ գեղեցիկ տիկնիկ կամ զգեստ ստանալ, դրա հետ մեկտեղ նաև ջրաներկ, ու ամեն ինչ մի կողմ դնի և կենտրոնանա ջրաներկի վրա, այնպես որ մեր աղջիկն արվեստին մոտ բալիկ է»,- նշել է երիտասարդ մայրիկն ու պատմել դստեր հետաքրքրություններից.
«Աղջիկս շատ է սիրում երգել, պարել, անգամ բեմադրում է, ինչ-որ բաներ հորինում: Մի օր ասաց՝ «Մամ, այսօր «պրագոն» ունեմ», այդ բառը իմ պրեմիերայից առաջ ինձնից էր լսել, դե իսկ մենք էլ մի լավ ծիծաղեցինք: Նա շատ սիրում է նկարել, պլաստիլիններով տարբեր պատկերներ է պատրաստում: Բացի նշածս բոլոր հետաքրքրություններից՝ Ռուզիկը մի տիկնիկ ունի, ում մայրիկի դերում է իրեն երևակայում ու շատ լրջորեն խնամում է իր «բալիկ» տիկինին»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում