Հանրակրթության օրենքում հստակ ամրագրված է, որ ուսումնական հաստատություններում քաղաքական և կրոնական գործունեությունը արգելված է, մենք խստացրել ու հստակեցրել ենք այդ պահանջները նաև տնօրենի քաղաքական զսպվածության պահանջով։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Դա մեզ համար շատ կարևոր է, և ես, հաշվի առնելով նաև, որ առաջիկայում մեզ սպասվում են ընտրություններ, այս առիթը օգտագործելով, ուզում եմ ևս մեկ անգամ հստակ հայտարարել՝ կրթության ոլորտի մարդիկ պիտի կրթական հաստատություններում զբաղվեն կրթության գործընթացով, և ցանկացած բան, որը խաթարելու է այս տրամաբանությունը, ստանալու է շատ խիստ հակազդեցություն, ընդհուպ մինչև այդ մարդկանց ազատումը»,–ասաց նա։
Անդրադառնալով դեպքին, երբ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենը ֆեյսբուքի իր էջում տարածել էր Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու վերաբերյալ գրառումը, նախարարն ասաց. «Այս մասով մենք ստացել էինք նաև լրագրողական հարցումներ, բնականաբար համապատասխան պարզաբանման համար դիմել էինք Երևանի քաղաքապետարան և ստացել ենք քաղաքապետարանի պարզաբանումը առ այն, որ իրենք արել են համապատասխան ուսումնասիրությունը և օրենքի հետ հակասություն չեն հայտնաբերել և նաև նախազգուշացրել են տնօրենին։
Նույնիսկ, եթե որևէ բան իրավական հարթության մեջ կարող է այսպես մեկնաբանվել կամ այսպես չմեկնաբանվել, դա պետք չի անել։ Եվ ես կարծում եմ, դրա կարիքը ընդհանրապես չկա։ Հորդորում եմ մեր բոլոր տնօրեններին զբաղվել իրենց գործով։ Ես ասում եմ՝ մեր տնօրեններից պահանջվում է զբաղվել իրենց գործով, այլ բան չունեմ ասելու»։
***
«Մենք ունեինք շատ վատ իրավիճակ թե՛ Ցեղասպանության թանգարանում, թե՛ հուշահամալիրում։ Ժամանակին ջրահեռացման համակարգ չի եղել, մենք ունեինք իրավիճակ, երբ անձրևաջրերը հոսում էին, որը լրջագույն խնդիրներ էր բարձրացնում նաև հուշահամլիրի հետագա ամրության և պահպանման համար»,- ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա հայտնել է․ որ Ցեղասպանության հուշահամալիր-թանգարանի անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ «Օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են։ Ցեղասպանության թե՛ հուշահամալիրը, թե՛ թանգարանը ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են անհրաժեշտ աշխատանքներից հետո։ Բուն աշխատանքների իրականացման համար շուրջ 300 օր է հատկացված»,- հավելել է Անդրեասյանը։ *** |
«Վերջին շրջանում մեզ հաճախ են դիմում Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ՝ նշելով, որ պետությունը նախորդ տարի ունեցավ որոշում՝ ուսման վարձի փոխհատուցման համար կրթարթոշակ տրամադրվեց 1-ին կուրս ընդունվածներին: Այս քաղաքականությունը կշարունակվի»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Այս քաղաքականությունը կշարունակվի, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ընդունվել են առաջին կուրս բարձրագույն կրթության մակարդակում, մենք խոսում ենք 240 ուսանողի մասին՝ մեր տվյալներով, և նրանք, ովքեր ընդունվել են ՄԿՈՒ համակարգ (վճարովի համակարգով), կստանան կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցման համար»,- նշեց նախարարը՝ հավելելով՝ այսինքն՝ նրանք, ովքեր արդեն ընդունվել էին և ստանում էին, այս ծրագրի շահառու էին, իսկ նրանք, ովքեր նոր են ընդունվում, նրանց համար պետությունը նույնպես կկիրառի այս քաղաքականությունը նույն պայմաններով։ *** |
2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024 թվականի ցուցանիշից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Եթե 2024 թվականին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1174 է: Ընդ որում՝ անվճար թափուր տեղերի կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը ընդամենը 219-ն է»,- նշեց նախարարը։ |