Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասան Կարեն Ասլանյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է «Արմենիա TV»-ով հեռարձակվող «Առաջնորդները» հեռուստասերիալում:
- Կարեն, «Առաջնորդները» հեռուստասերիալում մարմնավորում եք հոգեպես անհավասարակշիռ, ցոպ ու շվայտ կյանքով ապրող տղայի: Հետաքրքիր է՝ դժվար չէ՞ նման կերպարը համոզիչ կերտելը:
- Այո, կերպարս շատ ակտիվ տղա է, ով ապրում է ազատ ու ճոխ կյանքով: Իրականում, սկզբում դժվար էր, քանի որ իմ կյանքի առաջին բացասական դերն էր, միաժամանակ՝ կերպարս այնքան էլ բացասական համարվել չի կարող, քանի որ իր միջոցով փորձում ենք հումորային խաղիկներ մտցնել, որի միջոցով սիրվել է հեռուստադիտողի կողմից: Այսօր որոշ իմաստով ամփոփելով արդյունքները՝ կարող եմ ասել, որ մեծամասամբ դրական կարծիքներ եմ լսում դերիս կերտման հետ կապված, իսկ դա նշաակում է, որ կարողացել եմ տեղ հասցնել կերպարիս տրված խնդիրներն ու համոզել հեռուստադիտողին սիրել Արամիկին:
- Դերասանները շատ հաճախ իրենց կերտած կերպարների հետ նույնացվելու խնդրի առաջ են կանգնում. Դուք բախվե՞լ եք այդ խնդրին:
- Ուրախ եմ, որ չեմ բախվել այդ խնդրին: Նախ որքան էլ զարմանալի է՝ մարդիկ սիրել են կերպարս, բացի այդ, նրանք հավանաբար պատկերացնում են, որ ես նման մարդ հազիվ թե լինեմ:
- Կարեն, Դիանա Գրիգորյանի հեղինակած հեռուստասերիալներով կարծես թե դերասանների մի խմբից «ընտանիք» է կազմվել, ինչպե՞ս ինտերգրվեցիք այդ «ընտանիք»:
- Ինտեգրվելու խնդիր չեղավ, քանի որ առաջին օրվանից մերվեցի ու ընդունվեցի այդ ընտանիքում: Այստեղ չկար նորեկներ ու արդեն գործող դերասաններ հասկացողությունը: Գուցե իմ անձնային հատկանիշների արդյունքում էր նաեւ, որ կարճ ժամանակում հարազատացա թիմի հետ. իսկապես ուրախ եմ, որ այս թիմի հետ եմ աշխատում:
- Կարեն, գիտեմ նաեւ, որ ստեղծագործում եք, գրում բանաստեղծություններ, չափածոներ, երգերի համար խոսքեր:
- Այո, գրում եմ ու այդ ջիղն ինձ մոտ բացահայտել եմ դեռեւս 17 տարեկանից: Ինձ հետաքրքիր է ստեղծագործելը, այդ կերպով ազատություն եմ տալիս մտքերիս: Արդեն փորձ ունեմ ու շուտով մարդիկ ավելի հաճախ կլսեն իմ գրած երգերը:
- Իսկ ո՞ր ոլորտին եք առավել շատ նախապատվություն տալիս՝ դերասանական արվեստին, թե ստեղծագործելուն:
- Եթե նախապատվության խնդրի առաջ կանգնեմ, բնականաբար, դերասանական արվեստը կընտրեմ, բայց ինձ մոտ հստակ դասակարգված է՝ գիշերները ստեղծագործում եմ, ցերեկները՝ դերասանությամբ զբաղվում:
- Որպես ստեղծագործող՝ թա՞նկ հաճույք է Ձեզ մոտ երգ պատվիրելը:
- Ես իմ գրած երգերը դեռեւս չեմ վաճառում, քանի որ բոլոր նրանք, ովքեր կատարում են երգերս, իմ ընկերներն են: Բացի այդ՝ որպես ստեղծագործող ես դեռ պետք է աճեմ ու հասնեմ այն մակարդակին, որ ինձ թույլ տամ պատվերներ ընդունել ու երգերի խոսքեր գրել:
- Կարեն, Ձեր մասին հեռուստադիտողը քիչ է տեղյակ: Հետաքրքիր է՝ իրական կյանքում ինչպիսի՞ն եք:
- Իրական կյանքում եւ ակտիվ մարդ եմ, եւ հանգիստ: Ինձ մոտ կա չգրված օրենք՝ ամեն ինչ պետք է լինի չափի մեջ: Մեկ բառով՝ ինձ ադեկվատ մարդ եմ համարում:
- Կարեն, ի՞նչ է այս պահին կատարվում Ձեր անձնական կյանքում:
- Իմ կյանքում դեռ ոչ մեկ չկա, այլ կերպ ասած՝ չեմ գտել մեկին, ում հետ կկարողանամ կյանքս կապել, բայց ամեն ինչ կարող է փոխվել ընդամենը մեկ օրում: Ես պատրաստ եմ լուրջ հարաբերությունների, պարզապես դեռ չեմ գտել նրան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում