Հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով ու բոլորի համար պարտադրված ուղերձով, դա քարոզչություն է, «Ազատության» հետ զրույցում ասել է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը՝ խոսելով «Ցանկապատ» ներկայացման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին:
Թոխատյանը դիտել է Փաշինյանի հայտնի տեսանյութը ու այդպես էլ չի հասկացել՝ ինչ էր նրա ուզածը: «Ես ինձ համար եմ հետևություն արել: Գիտեք՝ ինչ, հնարավոր է, որ չհամընկնի մնացած հանդիսատեսի, կամ ոմանց հետ, կամ դերասանների հետ: Բայց ես իմ հետևությունն եմ արել ու դա ես ինքս տարել եմ տուն, կիսվել եմ իմ ընկերների հետ, դա է ավելի կարևոր, քան այդպես մասայական ուղղություն տալ, հատկապես ուղղություն տալ արվեստագետին, չեմ կարծում, որ դա ճիշտ է», - ասել է դերասանը:
Հանդիսատեսը, եթե նույնիսկ երկրի ղեկավարն է, կարող է կարծիք հայտնել, անգամ իր դժգոհությունը, բայց ստեղծագործող մարդկանց ուղղորդելու իրավունք չունի, -ասել է Թոխատյանը. «Ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա»:
Հրանտ Թոխատյանը հույս է հայտնել, որ Փաշինյանի դիտողություններից ու ծավալած քննարկումից հետո «Ցանկապատը» չի խմբագրվի այնպես, ինչպես նա է պատկերացնում. «Այ, եթե հիմա ցանկապատը, Աստված չանի, սկսեն փոփոխության ենթարկել, այ դա կլինի, իսկապես, խայտառակություն, թեև ես հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենան», - ասաց դերասանը, հավելելով. «Թող հավաքի դերասանների խումբ ու բեմադրություններով զբաղվի: Թող ինքը բեմադրի այնպես, ոնց ինքը գտնում է ճիշտ: Այդ ժամանակ հանդիսատեսն արդեն ընտրության բան կունենա՝ կգնա կնայի Փաշինյանի «Ցանկապատը», թե ոչ»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝ |