Օրերս համացանցում հայտնվեց մի հոդված` «Դերասանուհի Գոհար Իգիթյանը կե՞ղծ ապացույց է ներկայացրել քննիչին» վերնագրով, որում նշվում էր, որ դատարանում դերասանուհին հնարավոր է` ստել է` ներկայացնելով իրավապաշտպան Մարինա Պողոսյանի որդու հեռախոսահամարը, որը Մարինայի պնդմամբ` որդին ձեռք է բերել դերասանուհու նշած տարեթվից 1 տարի անց: Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Գոհար Իգիթյանի հետ:
«Ես ասել եմ ընդամենն այն, ինչ կա: Այդ հեռախոսահամարն ինձ տվել է Արփին 2012 թ, խնդրել էր, որ զանգեի նրա տղային, որ բանալիները վերցնեի, քանի որ Մարինան քաղաքում չէր: Զանգել եմ այդ հեռախոսահամարով, չի պատասխանել: Հետո արդեն, երբ տեսա, որ որ բնակարանը վաճառվում է, գրված էր հենց այդ նույն հեռախոսահամարը, որը ես գտա իմ ծոցատետրում և հասկացա, որ դա Մարինայի որդու հեռախոսահամարն է: Հիմա ինքն ապացուցում է, որ ես կեղծ ցուցմունք եմ տվել, որ այդ հեռախոսահամարը եղել է իր որդունը 2013 թվականից: Ես կյանքում որևէ սուտ չէի ասի, եթե նույնիսկ դա կապված լիներ իմ փրկության հետ:Կոնկրետ իմ հեռախոսահամարը ես 5-6 տարի օգտագործել եմ ոչ իմ անունով, քույրս համարը գնել էր և նվիրել էր ինձ: Քույրս արդեն 2 տարի է չկա, ընդամենը 10 օր առաջ եմ տարել նրա մահվան վկայականը, որ հեռախոսահամարն իմ անունով դարձնեմ, չէի էլ հիշում, որ իմ անունով չէ: Դա չի կարելի մեկնաբանել իբրև կեղծ ցուցմունք, դա խայտառակ սուտ չէր: Ցանկացած խելացի մարդ կարող է հասկանալ, որ հնարավոր է օգտագործել ոչ իր անունով գրանցված հեռախոսահամար: Դա մեկից մեկ կարելի է ճշտեն: Թող իրավապահ մարիմինները պարզեն»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում նշեց Գոհար Իգիթյանը:
Հիշեցնենք, որ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, նրա կինը՝ դերասանուհի Գոհար Իգիթյանը և դերասան Արթուր Ութմազյանը որպես վկա հայտնվել են դատարանում` Արփի Մերասի տան վաճառքի հետ կապված աղմկահարույց գործի շրջանակներում:
«Դատական գործընթացը շարունակվում է արդեն 2 տարի: Երկար տարիներ Արփի Մերասն ամուսնուս ընկերն է եղել, մութ տարիների բարեգործություններ է արել, մեր ընտանիքի հարազատ մարդն է, որի բնակարանն անօրեն ձևով վաճառել են և վաճառել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, ով նրա հետ մտերիմ է եղել; Մենք ակամայից հայտնվել ենք ցուցմունք տվողի կարգավիճակում: Եթե ցանկանայինք էլ, չէինք կարող ցուցմունք չտալ, քանի որ ինքս եմ զանգել Արփիին ու հարցրել` արդյո՞ք նա վաճառում է, ուրեմն ակամայից դարձել ենք վկա: Դա Արփիի որոշումն է, նա է դատի տվել, նա է դատապաշտպան վարձել: Ուղղակի մեր բարոյական պարտքն է եղել նրա կողքին լինել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Մարինա Պողոսյանի այն հայտարարությանը, որ Գոհար Իգիթյանի ցուցմունքներն արժանահավատ չեն, քանի որ վերջինիս մոտ հակակրանք կարող է լինել իր նկատմամբ այն պատճառով, որ ինքը թույլ է տվել Արմեն Խանդիկյանի նախիկին կնոջը` Տաթևիկ Ղափլանյանին ապրել իր տանը, դերասանուհին նշեց.
«Հերյուրանք է այն, որ իբր մենք իր դեմ ինչ-որ բան ունենք, ինչը կապած է Տաթևիկ Ղափլանյանի հետ: Նույնիսկ դատարանում իր ցուցմունքի ժամանակ, երբ նա խոսեց դրա մասին, դատավորն ասաց, որ դա գործի հետ բացարձակապես կապ չունի: Բացի դրանից, Տաթևիկն Արմեն Խանդիկյանին չէր կարող դատի տալ թատրոնի համար, քանի որ դա պետական թատրոն է, որի անունն էլ դրվել է Խանդիկյանի շնորհիվ Ղափլանյանի մահից հետ, այսինքն` նման ստեր, երբ խոսում են, մի քիչ տրամաբանություն է պետք: Ի՞նչ է ստացվում`հիմա Սունդուկյանի թոռները գան ասեն, որ դա իրենց թատրո՞նն է, անունը դրվում է հիմնադրի անունով, բայց դա պետական շենք է, որևէ մեկը չի կարող որևէ մեկից վերցնել, վաղը թատրոնը Արմեն Խանդիկյանից հետո ղեկավարելու է ուրիշ մարդ, ես չեմ գնալու ասեմ, որ սա իմ ամուսնու թատրոնն է»:
Մեր այն հարցին`արդյո՞ք Արփի Մերասն իսկապես հիշողության հետ կապված խնդիրներ ունի, Գոհարը վստահեցրեց, որ Արփին փայլուն հիշողություն ունի.
«Արփին Կանադայում ունի սեփական դպրոց արդեն 35 տարի, նա առ այսօր աշխատում է այնտեղ և առ այսօր նա տարին մեկ անգամ հանձնում է քննություններ, որ ինքն ի վիճակի է ղեկավարելու նման հաստատությունը: Իսկ ինչ վերաբերում է հիշողությունը, եթե ինձ էլ նման հարցեր տան, թե 20 տարվա մեջ երբ եկավ, երբ գնաց, որ թվին ինչքան փող տվեց, ինչքան ծախսեց, ես էլ չեմ կարող հիշել»,- ասաց դերասանուհին:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ դատական գործընթացների մեջ լինելը, ժամանակ առ ժամանակ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելը չի ազդում դերասանուհու հոգեբանության և վարկանիշի վրա:
«Իմ հոգեբանության վրա բացարձակ չի ազդում, թե ինչեր են գրվում, քանի որ ես պարզապես վկա եմ, ով իր քաղաքացիական պարտքն է կատարում: Ինձանից պահանջվում էր ապացուցել, որ դա այդ կնոջ տունն է, իսկ դա այդպես է եղել, քանի որ մինչև 2007 թվ. այդ տան բանալիներն իմ ձեռքում են եղել փաստացի»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Գոհար Իգիթյանը:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան
Կարդացեք նաև` Երիտասարդները, միգուցե, չկարողանան ինձ հետ մրցել. Գոհար Իգիթյան